ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե ընկերությունում հաստիքների կրճատման պատճառով աշխատողն ազատվում է աշխատանքից, ապա նրան քանի՞ օր առաջ պետք է տեղյակ պահեն դրա մասին: Եվ հաստիքների կրճատման պատճառով ազատվելու դեպքում արձակման նպաստ տրվո՞ւմ է: Եթե այո, ապա ե՞րբ է տրվում եւ ինչպե՞ս է հաշվարկվում արձակման նպաստը:

 Նաիրա Պողոսյան (34 տարեկան, դերձակ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվ. 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաեւ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, նաեւ «արտադրության ծավալների եւ տնտեսական, տեխնոլոգիական կամ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման եւ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ աշխատողների քանակի եւ հաստիքների կրճատման դեպքում»:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վերոնշյալ հիմքով «աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու»:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվ. 1-ին մասի համաձայն՝ վերոնշյալ հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 2 ամիս առաջ:
Արձակման նպաստը սահմանվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա 1 ամսվա միջին աշխատավարձի չափով:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ահա թե ինչու եւ ինչպես կարող են մարդիկ գործազուրկ դառնալ: Նշենք, որ սա մեր իրականության ամենացավոտ հարցերից մեկն է, որի պատճառով մարդիկ արտագաղթում են երկրից: ՀՀ ԱՎԾ տվյալներով՝ 2013թ. համեմատ գործազուրկների թիվն աճել է: Այսինքն՝ 2012թ. հունիս-հուլիսին այն եղել է 90.3-90.9 տոկոս, իսկ 2013թ. նույն ժամանակահատվածում՝ 93.3-93.6 տոկոս: Իհարկե, սա միայն ԱՎԾ-ի տվյալներն են: Իսկ իրական պատկերն ավելի տխուր է:




Լրահոս