Նուբարաշենում տեղի ունեցած սպանության գործով հետախուզվողները մեղայականով ներկայացել են ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի դաժան սպանության գործով հետախուզման մեջ գտնվող 23-ամյա Արտաշես Չիչոյանը և 26-ամյա Արարատ Նիկողոսյանը հայտնաբերվել են և մեղայականով ներկայացել են ոստիկանության Էրեբունու բաժին:

Հիշեցնենք, որ 2016թ. հունիսի 04-ին՝ ժամը 23-00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթևեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել Ե.Խաչատրյանի նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարևոր օրգանի՝ գլխի, ինչպես նաև՝ կրծքավանդակի և որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Ե.Խաչատրյանը տեղում մահացել է։ Քննությամբ պարզվել է նաև, որ խճուղով ընթացող մեկ այլ վարորդ նկատել է մի խումբ երիտասարդների կողմից տղամարդու նկատմամբ կիրառվող բռնությունը, հորդորել դադարեցնել այն։

Երիտասարդները, խուլիգանական մղումներից ելնելով, հետապնդել են նաև նրան, ով օգնություն հայցելու համար շտապել է հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետ և վերջինիս աշխատակիցների միջամտության շնորհիվ կանխվել է ծեծը։




Լրահոս