Երևանի հեծանվահրապարակում ավարտվեցին հեծանվասպորտի Հայաստանի երիտասարդների և մեծահասակների առաջնությունները:
Երիտասարդների օլիմպիական սպրինտ մրցաձևում առաջին տեղում «Հայաստան» մարզական ընկերության թիմն է (Լևոն Լավչյան, Ժորա Մարգարյան և Տարոն Նիկողոսյան): Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի սաները (2-րդ տեղ Հովհաննես Երանոսյան, Ամու Ասուբով, Բաբկեն Պողոսյան և 3-րդ տեղ Հենրիկ Երանոսյան, Ավագ Գրիգորյան, Հայկ Սահակյան):
3 կմ հետապնդում մրցաձևում 1-ինը Ժորա Մարգարյանն էր, 2-րդ տեղում Լևոն Լավչյանն էր, իսկ եռյակի վերջում՝ Տարոն Նիկողոսյանը: Խմբակային մրցավազքում (միավորներով) լավագույն արդյունք գրանցեց Հայկ Սահակյանը (26 միավոր, Հեծանվասպորտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց): Երկրորդ տեղում Պողոսյան Բաբկենն էր (16 միավոր, Հեծանվասպորտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց ) և Ամու Ասուբովը երրորդ էր (15 միավոր, Հեծանվասպորտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց):
Խմբակային վազքում հաղթող դարձավ Տարոն Նիկողոսյանը, նրան հաջորդեցին Ժորա Մարգարյանը և Լևոն Լավչյանը:
Մեծահասակների քառօրյա պայքարում Հայաստանի բացարձակ չեմպիոն դարձավ Պավել Ստեփանյանը: Արծաթե մեդալակիր դարձավ Ռոբերտ Խաչատրյանը, իսկ բրոնզե մեդալի արժանացավ Նիկոլայ Գասպարյանը:
Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից ուսումնամարզական հավաքի կմեկնի Ծաղկաձոր:
ՀԱՕԿ լրատվության բաժին