Ղազախստանի Հանրապետության Բուրաբայ քաղաքում ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից անդամ երկրների քրեակատարողական ծառայության ղեկավարների խորհուրդ ստեղծելու մասին 2015թ. հոկտեմբերի 16-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հունիսի 9-ից 10-ը տեղի ունեցավ խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցեց նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի գլխավորությամբ:
ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայության ղեկավարների խորհրդի նիստում ընդունվեցին մի շարք որոշումներ, այդ թվում` խորհրդի նախագահ ընտրելու, քարտուղարության ղեկավար նշանակելու և նիստերի անցկացման օրակարգը հաստատելու մասին:
Նիստի ավարտին խորհրդի քարտուղարին հանձնարարվեց մինչև 2016թ-ի հոկտեմբերի 1-ը անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների հետ համատեղ նախապատրաստել և խորհրդի հաստատմանը ներկայացնել ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի 2016-2017թթ. աշխատանքային գործունեության պլանը: