Գերմանիայի ոստիկանությունը խստացրել է Բունդեսթագի` թուրքական ծագում ունեցող 11 պատգամավորների անվտանգությունը: Պատճառը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո նրանց նկատմամբ սպառնալիքների ու վիրավորանքների թվի աճն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերմանական Frankfurter Allgemeine Sonntagszeitung պարբերականը գրում է, որ Բեռլինի ոստիկանությունը, Դաշնային խորհրդարանի ոստիկանությունն ու դաշնային անվտանգության ծառայությունը խնդրի վերաբերյալ որոշում են կայացրել պատգամավորների հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Ավելացվել է Ջեմ Օզդեմիրի տան շուրջ հսկողություն պահպանող ոստիկանների թիվը: Ինչպես հաղորդում է Deutsche Welle լրատվականը, Գերմանիայի կառավարության փախստականների և միգրացիայի հարցերով նախարար Այդան Օզօղուզը Գերմանիայում թուրքական ընկերություններին հորդորել է հստակ դիրքորոշում ցուցաբերել` ընդդեմ թուրք ծագում ունեցող պատգամավորների դեմ սադրանքների:
«Մենք ակնկալում ենք, որ Գերմանիայի թուրքական կազմակերպությունները բացահայտ կերպով քննադատեն պատգամավորների դեմ ուղղված սպառնալիքները: Արդեն ամեն ոք պետք է հասկանա, որ մենք տեր ենք կանգնում մեր ծագմանը, սակայն մենք Թուրքիայի` դեպի այստեղ մեկնած ձեռքը չենք», ասել է Օզօղուզը: Ձախերի կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում անհրաժեշտ է համարել, որ արգելվի Էրդողանի մուտքը Գերմանիա:
«Թուրքիայից` Գերմանիայի Դաշնային խորհրդարանի պատգամավորների դեմ բռնության դիմելու կոչ հնչեցնող անձի մուտքը Գերմանիա պետք է արգելվի: Այդ թվում և նախագահ Էրդողանի»,- ասել է նա: Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև: