«Պերինատալ բժշկության արդիական հիմնախնդիրները» միջազգային երկրորդ համաժողովին մասնակցել ցանկացողների թիվը մեծ էր։ Այն մեծ հետաքրքրություն էր առաջացրել հանրապետության մանկաբարձ գինեկոլոգների, ուլտրաձայնային հետազոտության և այլ մասնագետների շրջանում, և Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի մեծ դահլիճը լեփլեցուն էր։ Մի կողմից նրանք ցանկություն ունեին ունկնդրելու աշխահում ճանաչում ունեցող մասնագետներին, մյուս կողմից` ինչպես իր խոսքում նշեց Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը` ավելի արդիական հարց, քան պերինատոլոգիան է` անհնար է պատկերացնել։ Նրա մեկնաբանմամբ իր ղեկավարած հանձնաժողովի անունն ինքնին խոսում է այն մասին, որ առանց առողջ սկզբի դժվար է ապահովել ընդհանուր առողջապահություն։
Ոջունելով համագումարի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը շեշտեց, որ մայրություն և մանկության առողջության պահպանումը Հայաստանի Հանրապետության կառավարության և առողջապահության նախարարության գերակա ուղղություններից մեկն է: Իրականացվող բազմաթիվ ծրագրերի արդյունքում վերջին տարիներին մեր երկրում արձանագրվում է մայրական և մանկական մահացության ու հիվանդացության ցուցանիշների նվազում, ցածր քաշով նորածինների ապրեցման տասնապատիկ մեծացում, ինչպես նաև նրանց առողջության ու հետագա կյանքի որակի լավացում:
Բոլոր բանախոսները հպարտությամբ նշեցին, որ օրերս ՄԱԿի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման ընթացքում Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան և Թայլանդը ճանաչվեցին մորից երեխային ՄԻԱՎի փոխանցումը հաղթահարած երկրներ և արժանացած հավաստագրերի։ ՄԱԿի Գլխավոր քարտուղար Բան ԿիՄունը նշեց, որ Հայաստանն օրինակելի երկիր է մորից երեխային ՄԻԱՎի փոխանցումը վերացրած երկրների շարքում։ Այս ձեռքբերումը երկար տարիների համակարգված ու քրտնաջան աշխատանքի արդյունք է, որում, անշուշտ, իրենց կարևոր ներդրումն ունեն հղիությունը վարող ու ծնունդ ընդունող մասնագետները։
Նշենք, որ պերինատոլիգայի արդիական խնդիրների վերաբերյալ համագումարում զեկուցումներով հանդես կգան ԱՄՆի Կորնելի համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ֆրենկ Չերվենակը, Յան Դոնալդ բժշկական գերձայնային հետազոտությունների միջհամալսարանական դպրոցի տնօրեն, պերինատալ բժշկության միջազգային ակադեմիայի պրեզիդենտ, պրոֆեսոր Ազիմ Կուրյակը, Մոսկվայի Սեչենովի անվան առաջին բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, ՌԳԲԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Դավիդ Մակացարիան, նույն ամբիոնի պրոֆեսոր Վիկտորիա Բիցաձեն: Հավելենք, որ Ֆրենկ Չերվենակը մանկաբարձագինեկոլոգիական ոլորտում հեղափոխական մոտեցման հեղինակ է դարձել` առաջ քաշելով պտուղը դեռ ներագանդային կյանքում որպես պացիենտ ընդունելու մոտեցումը։
Պերինատալոգիան բժշկության համեմատաբար երիտասարդ ու հեռանկարային ճյուղերից է և որպես բժշկության նոր բնագավառ հաստատագրվել է 1978 թվականին։ Ժամանակակից պատկերացումներով պերինատոլոգիան մանկաբարձության խոշոր բաժիններից է, որն ուսումնասիրում է պտղի զարգացումը, ապահովում մոր, պտղի ու նորածնի առողջության պահպանումը: Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանը կարևորեց, որ համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու ոլորտում առկա վերջին ձեռքբերումներին։