Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հիասթափված է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխհարաբերություններից, փոխանցում է Hurriyet-ը:
«Մենք հույսով լցված էինք, երբ Օբաման իր նախագահության սկզբում այցի համար որպես առաջին երկիր ընտրեց Թուրքիան»,-պատմել է նա:
Էրդողանի խոսքով՝ 2 երկրները ցանկանում էին լիարժեք համագործակցության հասնել: «Սակայն, ցավոք, մեր սպասումները չարդարացան»,-նշել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը ոչ պակաս բարդ է անվանել Ռուսաստանի և Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները: «Պուտինի հետ մեր ընկերությունը երկու երկրների միջև փոխհարաբերությունները բարձր մակարդակի վրա դրեցին, սակայն այդ հարաբերությունները փոխվեցին Սու-24-ի խոցումից հետո »,-ասել է նա:
Էրդողանն ընդգծել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունն ավելի բարձր է, քան Միացյալ Նահանգերի հետ, և պլանավորվում էր տարեկան մինչև $100 միլիարդ ցուցանիշի հասնել: Նա նաև մոտ ժամանակներս հարաբերությունների կարգավորման հույս է հայտնել: