Նոր Նորքի զինկոմի կաշառքի գործի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռաֆայել Զախարյանը 2014թ. մարտի 17-ին իր աշխատասենյակում, Երևան քաղաքի բնակիչ Գագիկ Վարդանյանից, որդու՝ Ալբերտ Վարդանյանի օգտին առողջական վիճակի բերումով պահեստազորում հաշվառելու, դրանով իսկ զինվորական ծառայության զորակոչից վերջնականապես ազատելու դիմաց պահանջել է 4000 դոլար կաշառք, իսկ 2014թ մարտի 19-ին նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում Գ.Վարդանյանից ստացել է 3900 դոլար:
Բացի այդ, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով փամփուշտներ է պահել իրեն պատկանող «Տոյոտա Պրադո» ավտոմեքենայի պահեստախցիկում:

Գործը մտել է դատարան: ArmLur.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ առաջին ատյանի դատարանը վճռել է Ռաֆայել Զախարյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել դատապարտելով ազատազրկման երեք տարի վեց ամիս ժամկետով` զրկելով նրան որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից ՝ երկու տարի ժամկետով:
Վճիռը Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է՝ այսպիսով բավարարելով մեղադրող ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող գործերի բաժնի դատախազ Լ.Պետրոսյանի վերաքննիչ բողոքը մասնակի:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մայիսի 12-ի դատավճիռը քրեական գործով ըստ մեղադրանքի` Ռաֆայել Ռուբենի Զախարյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
Ռաֆայել Ռուբենի Զախարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանավորումը, թողնել անփոփոխ:
Այսպիսով, գործը կրկին քննվում է:

Նշենք, որ Ռաֆայել Զախարյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ 2014թ. մարտի 17-ին ժամը 16.00-ի սահմաններում իր աշխատասենյակ է մտել զինակոչիկի ծնող Գ.Վարդանյանը: Իր դռները միշտ բաց է եղել բոլորի համար: Վերջինս ասել է, որ իր որդին նախկինում երկու անգամ հիվանդության պատճառով 1 տարի և 3 տարի ժամկետով ստացել է տարկետում:Ինքն առաջարկել է նկարագրել թե զինակոչիկը ինչ հիվանդություն ունի:Ծնողը ասել է, որ որդին ունի ալերգիա հիվանդությունը, ինչպես նաև ավելացրել է, որ տարկետման չորս տարիների ընթացքում ամուսնացել է, ունեցել է երկու երեխա և իրեն անհասկանալի է, թե որդուն ինչու են կանչում զինվորական կոմիսարիատ:Ինքը որպես երկար տարիների զինկոմ տեղյակ է եղել, որ ալերգիան ծանր հիվանդություն է և եթե արդեն երկու անգամ հանձնաժողովը եզրակացություն է տվել, որ զինակոչիկը պիտանի չէ զինծառայության, ապա ներկայումս էլ հնարավոր չէ նա ճանաչվի պիտանի, իսկ երկու երեխա ունենալու հանգամանքի հետ կապված զինակոչիկի ծնողին պարզաբանել է, որ նման դեպքում զինակոչիկը պարտադիր կերպով պետք է անցնի բժշկական հանձնաժողով, իսկ եթե չանցնի խնդիրներ կունենա ռազմական ոստիկանության և զինվորական դատախազության հետ:

Երբ ծնողին ասել է գնա փաստաթղթերը բերի ի նկատի է ունեցել զորակոչիկի անձնագիրը, ամուսնության, երեխաների ծննդյան վկայականները այլ ոչ թե գումարը: Ծնողը սխալ է հասկացել իրեն: Երկու օր անց ծնողը եկել է զորակոչիկի անձնական գործը ուսումնասիրելու նպատակով ինքը, ենթասպա Տիգրան Հովհաննիսյանը և ծնողը իջել են զորահավաքային բաժանմունքի պետ` Ս.Պոկացյանի աշխատասենյակ:
Ինքը Գ.Վարդանյանից կաշառք չի պահանջել, քանի որ նրա զորացրման նկատմամբ որևէ լիազարություն չի ունեցել, այլ պարտավոր էր միայն զինակոչիկին ուղեգրել կենտրոնական զինվորական հանձնաժողով հետազոտվելու համար:
Նույն օրը 2014թ. մարտի 19-ին զինկոմիսարիատի պարսպի վրա նկատել է երկու տուփ որում գտնվել է փամփուշտներ:Ինքը նշված փամփուշտները դրել է իր ավտոմեքենան, որպեսզի հանձնի ոստիկանությանը, սակայն չի հասցրել, քանի որ իրեն ձերբակալել են:Ինքը հանդիսանում է որսորդմիության անդամ, ունի տարբեր տեսակի զենքեր, դրանց համար նախատեսված փամփուշտներ, հանդիսացել է ԼՂՀ մարտական գործողությունների մասնակից:Նշված պայմաններում մեկ ժամ ավտոմեքենայում` իր կողմից գտած փամփուշտների առկայությունը չի հանդիսանում ապօրինի ռազմամթերք ձեռք բերել և պահել:

Ռաֆայել Զախարյանը նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն նույնպես մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ 2014թ. մարտի 17-ին` ժամը 16-ից 17-ի սահմաններում, անսպասելիորեն իր աշխատասենյակ է մտել մի տարեց տղամարդ, ներկայացել զինակոչիկի ծնող և ասել, որ իր երեխան նախկինում երկու անգամ ազատված է եղել բանակ զորակոչվելուց հիվանդության պատճառով. առաջին անգամ մեկ, իսկ երկրորդ անգամ երեք տարի ժամանակով և մինչ օրս էլ հիվանդ է՝ նշելով, որ ունի ալերգիա:Միաժամանակ ասել է, որ որդին ունի երկու երեխա և հարցրել, թե ոնց է լինելու իր որդու հարցը:Ինքը երեխայի կարգավիճակի վերաբերյալ որոշ հարցեր է տվել այդ տղամարդուն և խոսակցությունից հասկացել, որ նա շատ բաներ չի հասկանում:Պարզաբանել է սահմանված կարգը, սակայն այդ քաղաքացին չի հասկացել և չի ընդունել իր ասածները:Այդ ժամանակ հասկանալով, որ այդ մարդը կարծում է, թե կարող է որդին զորակոչվի բանակ և հասկանալով, որ վերջինս չի պատկերացրել իրադրությունը, մտածել է այդ մարդուց մի փոքր գումարով օգտվել և ցույց տալով իր աջ ձեռքի չորս մատը դեպի դուռը, ասել է, որ նա գնա և բերի փաստաթղթերը՝ նկատի ունենալով չորս հարյուր դոլար գումար, սակայն գումարի չափի մասին նրան բանավոր առհասարակ ոչինչ չի ասել:Այդ քաղաքացին ասել է, որ կգնա տուն, կխորհրդակցի ու հեռացել է իր աշխատասենյակից:

Քաղաքացու գնալուց հետո ուսումնասիրել է նրա որդու անձնական գործը և պարզել, որ նա իրոք նախկինում հիվանդություն է ունեցել, որի մասին վկայել են գործում առկա բժշկական փաստաթղթերը՝ սկսած կցագրման ժամանակվանից:Դրանից երկու օր անց՝ 2014թ. մարտի 19-ին ժամը 17-ի սահմաններում, զինկոմիսարիատի հերթապահը զանգահարել և զեկուցել է, որ իր մոտ ցանկանում է բարձրանալ զինակոչիկի ծնող:Ինքը թույլատրել է այդ ծնողին գալ իր աշխատասենյակ: Քաղաքացին մտնելով իր աշխատասենյակ ասել է.<ես եկա> : Ինքը հասկացել է, որ քաղաքացին 400 դոլարն է բերել իր հետ, որից հետո իր առաջարկով նրա հետ միասին իջել են զորակոչային բաժանմունք՝ գործը նորից ուսումնասիրելու համար, քանի որ ինքը ցանկացել է համոզված լինել, որ այդ զինակոչիկն իրականում հիվանդ է և հիվանդությունը շարունակվում է:Միասին դուրս են եկել իր աշխատասենյակից, գնացել զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակ, որտեղ իր հանձնարարությամբ զինկոմիսարիատի աշխատակից, ավագ ենթասպա Տիգրան Հովհաննիսյանը զինակոչիկի անձնական գործը բերել է իր մոտ, որը կրկին ընթերցել և համոզվել է, որ զինակոչիկը նախկինում ունեցել է հիվանդություն:Մեկ անգամ ևս համոզվելով, որ զինակոչիկը հիվանդ է և այդ պայմաններում նույն հիվանդությունը կհաստատվի, իսկ անգամ չհաստատվելու դեպքում նա բանակ չի զորակոչվի, քանի որ գործող օրենքի համաձայն երկու երեխա ունեցողները բանակ չեն գնում, որոշել է օգտվել քաղաքացու միամտությունից և վերցնել իր պատկերացրած 4000 դոլարը, ինչի համար քաղաքացու դիմաց է դրել որդու անձնական գործը և հասկացրել, որ գումարը դնի դրա մեջ:

Քաղաքացին իր գրպանից հանել է գումարը, ձեռքի մեջ ծալած վիճակով, ձեռքով կիսով չափ բացելով անձնական գործը այն դրել է դրա մեջ և իրեն ասել, որ իր ասած չորսից հարյուր դոլար պակաս է: Քանի որ իր համար միևնույնն է եղել գումարի չափը` 300, թե 400 դոլար, ինքը ձեռքը թափահարել է` հասկացնելով, որ նա ազատ է :Գումարը դնելուց հետո քաղաքացին հարցրել է, թե ինչ տեսակի բիլետ «զինգրքույկ» է տրվելու իր որդուն՝ պիտանիի, թե ոչ պիտանիի, իսկ ինքը համոզված լինելով, որ նրա որդին հիվանդ է, ասել է, որ տրվելու է ոչ պիտանիի զինվորական գրքույկ: Ռ.Զախարյանը իր ցուցմունքը պնդել է վկա Գ.Վարդանայնի հետ կատարված առերեսման ժամանակ:




Լրահոս