«ՀՔԾ-ի կողմից տեղի է ունենում անձնական հաշվեհարդար». «Վանոյի Արտակը» բաց նամակ հղել Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՔԾ-ն այսօր գրություն է ուղարկել Նուբարաշեն ՔԿՀ-ի ղեկավարությանը, որպեսզի analitik.am-ի գործով կալանավորված Արտակ Գալստյանին նախկին աշխատակիցների խցից  տեղափոխեն քրեական հանցագործությունների ընդհանուր խուց։

Այս առնչությամբ Արտակ Գալստյանը հացադուլ է հայտարարել և բաց նամակ է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` նշելով, որ  ՀՀ ՀՔԾ կառույցի կողմից  տեղի է ունենում անձնական հաշվեհարդար իր անձի նկատմամբ, ընդհուպ մինչև գործը հասել է  ֆիզիկական ոչնչացման: Նա նաև նախագահին խնդրել է ձեռք  առնել համապատասխան միջոցառումներ ՀՔԾ-ի կողմից իր անձնական անվտանգության և իր կյանքի հանդեպ ՀՔԾ-ի կողմից  ձեռնարկված միջոցները կանխելու նպատակով։

«Հարգելի Նախագահ և պրն դատախազ, ՀՔԾ-ի կողմից կատարվող  այս գործողությունները  լրիվ դուրս են  իրավական հարթությունից և նպատակ են հետապնդում կոնկրետ իմ անձի ֆիզիկական բնաջնջումը», այսպես է եզրափակել իր նամակը Արտակ Գալստյանը:

Հիշեցնենք, որ «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին և աշխատակից Վարդիթեր Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Վերադաս դատարանի որոշմամբ՝ Վարդիթեր Գ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով: Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է Արտակ Գալստյանը, ով առավել հայտնի է Վանոյի Արտակ մականունով: Վերջինս կասկածվում է 2015թ. աշնանը «analitik.am» կայքի տնօրեն Անի Հ.-ի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, մեկ այլ քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու մեջ: 




Լրահոս