Շարունակում ենք ներկայացնել գործարար Միխայիլ Բաղդասարովի եւ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցիչների՝ 2009թ. մարտի 20-ին կայացած հանդիպման մանրամասները, որոնք երեւում են դիվանագետ Փեննինգթոնի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտին ուղարկված փաստաթղթերում: Հիշեցնենք, որ դրանք բացահայտեց «Վիկիլիքս»-ը:
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատար Ժ. Փեննինգթոնի հետ զրույցում Բաղդասարովն անկեղծացել է՝ ասելով, թե ինքը, կապված լինելով նաեւ մտերիմ-ընկերական հարաբերություններով, երկար ու դժվար է կողմնորոշվում, թե Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից ով է կարողանում ազդել նրա վրա կարեւոր որոշումների կայացման գործում: Գործարարը նկատել է, որ քաղաքական հարցերում Ս. Սարգսյանը խորհուրդներ չի ընդունում: Հիշեցնելով վարչապետի նշանակման հարցում իր՝ անուշադրության արժանացած խորհուրդը, Բաղդասարովը խոստովանել է, որ այլեւս երբեք չի կրկնի նույն բանը:
Գործարարը հանդիպման ժամանակ ուշագրավ մի բան է բացահայտել. ըստ նրա՝ երբ ինքը մի անգամ հրապարակային քննադատել է վարչապետին, Ս. Սարգսյանն անմիջապես կանչել է իր մոտ եւ պատվիրել «ուղղել սեփական հայտարարությունները»: Օլիգարխի մեկնաբանությամբ, եթե նույնիսկ նախագահի փեսան կարող է խորհուրդ տալ նրան, ապա որեւէ մեկը չի կարող նրան ասել սխալների մասին:
Մ. Բաղդասարովի համոզմամբ՝ Սարգսյանը «միայնակ գայլ է», որն ունի ընդամենը մի քանի մտերիմ ընկեր կամ գործընկեր: Չնայած ունի հավատարիմ կոլեգաներ դեռեւս Ղարաբաղյան պատերազմի օրերից, բայց նույնիսկ նրանք հազվադեպ մուտք ունեն նրա մոտ: Նա շարունակաբար նոր ծանոթությունների խմբեր է փնտրում եւ անընդհատ փոփոխում իր հարաբերությունների օբյեկտներին: Ստացվում է, որ Ս. Սարգսյանը ծանոթությունների որոշակի մակարդակի վրա երկար ժամանակ չի ծախսում: Արդ, մտերիմ-ընկերական շրջանակը ներկայացնող Բաղդասարովը պնդել է, որ «նախագահը որոշում կայացնում է ինքնուրույն եւ միանձնյա»:
Երեւանի 2009թ. ավագանու ընտրությունների թեման քննարկելիս Բաղդասարովը նախ ներկայացրել է Հովիկ Աբրահամյանի շահագրգռվածությունը՝ հայտնելով, որ նա լիովին սատարում է Ս. Սարգսյանի քաղաքականությունը՝ Գագիկ Բեգլարյանին քաղաքապետ նշանակելու եւ ընտրացուցակում առաջին հորիզոնականում տեսնելու առումով: Գ. Բեգլարյանը, ըստ Բաղդասարովի, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ դժվարին պայքարում հաղթելու պարագայում անխուսափելիորեն պարտական է լինելու ԱԺ նախագահին եւ օգնելու է նրան ապագա քաղաքական ծրագրերում: Պատասխանելով ընտրությունների հնարավոր ելքի մասին հարցին՝ օլիգարխը «պտտեցրեց աչքերն ու ծիծաղեց՝ պայքարը կլինի դաժան, բայց Բեգլարյանը կհաղթի, եթե իհարկե Տիգրանը (վարչապետը-հեղ.) մի հիմար բան չանի»:
Եզրափակելով հայ օլիգարխի հետ հանդիպման մասին սույն հաղորդումը՝ ամերիկացի դիվանագետը նկատում է՝ Բաղդասարովը Ս. Սարգսյանին ճանաչում է տասնամյակներ շարունակ, խիստ հաճախակի հանդիպումներ ունենում նրա հետ, ուստի վերոգրյալը Սարգսյանի անձի ու բնույթի շուրջ կարելի է միանգամայն ճշգրիտ համարել: Բաղդասարովի տեսակետներն ամերիկացիների համար խիստ գրավիչ են նաեւ այն տեսանկյունից, որ նա, փաստորեն, այլակարծություն է հանդես բերում հայկական իշխող շրջանակների հետ համեմատած՝ խոսելով, օրինակ, Վրաստանի հաջողություններից եւ այն մասին, որ Հայաստանը շատ բան ունի սովորելու այդ երկրից՝ հատկապես ներպետական կոռուպցիան հաղթահարելու գործում: Հատկանշական է, որ նա ուղղակիորեն չի քննադատում գործող նախագահին: Դիվանագետների կարծիքով՝ Բաղդասարովը՝ որպես գործարար, ում մի ոտքը Հայաստանում է, մյուսը՝ Ռուսաստանում, ավելի լավ է հասկանում երկու երկրների խորացող տնտեսական անկումը եւ խիստ հոռետես է Հայաստանի տնտեսական զարգացման հարցում:
ԵԹԵ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԻ ՀԻՄԱՐ ԲԱՆ ՉԱՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ