ՀԻՄԱ ԷԼ ՆՈՐԱՐԱՐ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը միավորել է Րաֆֆի Հովհաննիսյանին ու Պարույր Հայրիկյանին, որոնք երեկ իշխանությունների այդ նախաձեռնության դեմ հանրահավաք էին հրավիրել Ազատության հրապարակում: ՀՀ անկախության տարեդարձի նախաշեմին երկու կուսակցությունների ղեկավարներն ահազանգում են՝ ՄՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կկանգնի իր անկախությունը կորցնելու վտանգի առաջ:
Հանրահավաքը մեկնարկեց տեր Գրիգոր քահանայի Տերունական աղոթքով: Այնուհետեւ, տեր Գրիգորը նաեւ փոքր ելույթ ունեցավ: «Սուրբ գիրքն ասում է՝ կարող ես ազատ լինել։ Արդեն 22 տարի է, որ մեր երկիրը հռչակել է անկախություն, բայց հռչակագիրը բավարար չէ, ամեն մեկը պետք է լինի անկախության կերտող, ամեն մեկը այնպես, ինչպես ինքը ճիշտ է համարում, ձեռքներս ծալած չպետք է նստենք, այլապես չենք ունենա ազգ, ժողովուրդ»-հայտարարեց քահանան:
Երեկվա հանրահավաքը, ի դեպ, բավական սակավամարդ էր: Այս հանգամանքը չվրիպեց անգամ կազմակերպիչների, մասնավորապես «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի աչքից, որը հայտարարեց. «Ցավում եմ, որ այսօր հրապարակը Թումանյան եւ Տերյան փողոցներով փակված չէ»: Սակայն, մյուս կողմից հարկ է նկատել, որ այս իրավիճակն ինչ-որ տեղ հետեւանք է նույն «Ժառանգություն» կուսակցության եւ վերջինիս առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքի: Առավել եւս, երբ վերջին ամիսներին հասարակության խնդիրները ոչ միայն չեն նվազել, այլեւ ավելացել են, եւ դա զգում են բոլորը: Այնպես որ, հանրահավաքի սակավամարդ լինելը անտրամաբանական էր, բայց եւ՝ հասկանալի:
Այնուամենայնիվ, հասկանալի է՝ «Ժառանգության» ներկայացուցիչներն իրենք եւս հասկանում են, որ խնդիրը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մեջ է: «Մենք մի խնդիր ունենք, ոչ թե մեր արտաքին քաղաքականության գերակայությունները ճշտել, այլ մեր ներքին քաղաքականության խնդիրները լուծել»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ կոչ անելով չվհատվել ու պայքարել:
Պարույր Հայրիկյանն իր ելույթում Ս. Սարգսյանի կողմից Մաքսային միությանն անդամակցելու մասին Մոսկվայում արած հայտարարությունը համեմատեց  Վարդան Մամիկոնյանի՝ Տիզբոնում կրոնը փոխելու առաջարկի հետ: «Վարդան Մամիկոնյանին էլ Տիզբոն հրավիրեցին, այնտեղ նրան ստիպեցին ուրանալ, բայց երբ նա վերադարձավ հայրենիք, ասաց՝ ես բռնության տակ եմ դա արել, այս է ճշմարտությունը, անկեղծ ասած՝ ես էլ նման բան էի ակնկալում, որ 21-րդ դարում մեր նախագահը վերադառնալով աշխարհով մեկ կհայտարարի, որ Մոսկվայում այնպիսի փաստերի առաջ են կանգնեցրել, որ ես ստիպված եմ այդպես համաձայնել։ Աշխարհին ասեր՝ մեզ պատերազմով են սպառնացել, դրա համար էլ այդպես եմ արել, մեր կողմնորոշումը Եվրոպան է»,-հայտարարեց Հայրիկյանը՝ հավելելով, որ իրականում այդ որոշումն անակնկալ է եղել բոլորի համար: Հայրիկյանը վստահեցրեց, որ ՄՄ-ն քմահաճ ծրագիր է. «Բռնապետության կամքով ստեղծված միավորումը միշտ լինում է ժամանակավոր, եւ կարող է մնան միայն Հայաստանը եւ Ռուսաստանը։ Ավելին, կարող է Ռուսաստանն էլ դուրս գա, մնա միայն փչացած Հայաստանը։ Այսինքն՝ աշխարհի աչքի առաջ մեզ ոչ թե Մաքսային միություն ներգրավեցին, այլ փորձեցին մեզ փչացնել, բայց մեզ չեն կարող փչացնել, կարող են միայն փչացնել մեր ղեկավարությանը»։
Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հայտարարեց, թե միանձնյա որոշում ընդունող Սերժ Սարգսյանը պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից։ «Պետք է այնպես անել, որ ով գնաց կեղծիքի ճանապարհով, ով գողացավ ընտրությունները, պետք է հեռանա իր աթոռից։ Սա մեկ հոգու խնդիր չէ, ազգի եւ պետության հրամայական է, եւ անհրաժեշտ է օր առաջ, ով կազմակերպեց այդ հանցագործությունը փետրվարի 18-ին, նախաձեռնեց Հայաստան-Թուրքիա խայտառակ համաձայնությունը, խորացրեց Մադրիդյան հակասահմանադրական սկզբունքները, եւ ով մի քանի շաբաթ առաջ միանձնյա ստորացված եւ ստրկացված վիճակում Հայաստանի ինքնիշխանությունն ուրիշին ենթարկելու որոշում կայացրեց, պետք է հեռանա իր աթոռից, ուրիշ ճար չկա»,-ասաց նա։ Ավելին, Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր վտանգված է Հայաստանի ազատությունը, անկախությունը եւ ինքնիշխանությունը, ուստի հարկավոր է դուրս գալ փողոց ու պայքարել: Նա նաեւ իր հերթական առաջարկը ներկայացրեց՝ ձեւավորել նորարար համազգային ճակատ։ «Բոլորս միասին պետք է ստեղծենք նորարար համազգային մի ճակատ՝ անկախ քաղաքական, քաղաքացիական պատկանելությունից, որպես շարքայիններ»,-նշեց Հովհաննիսյանը: Թե ինչ արձագանքի կարժանանա նրա այս առաջարկը, դժվար չէ կռահել, առավել եւս, երբ շատ հաճախ «Ժառանգության» առաջնորդն ինքը հստակ չի կարող պատկերացնել իր առաջարկի իմաստը:

 ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս