ՇԱՀԱՐԿՈՒՄ ԵՆ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով «Փակ շուկայի» կառուցապատման դեմ ակտիվիստների պայքարին, կարծիք է հայտնել, որ նրանց առաջնորդող Գարեգին Չուքասզյանը եւ Տիգրան Խզմալյանը շուկայի խնդիրը շահարկում են բացառապես քաղաքական նպատակներով. «Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության մայրամուտին Գարեգին Չուքասզյանը ղեկավարել է տեղեկատվության կարեւոր ոլորտը. ես՝ որպես այդ ոլորտի ներկայացուցիչ, համոզվել եմ նրա կազմակերպչական տկարության վրա: Այսօր էլ, որպես ակտիվ քաղաքացի, նրա քաղաքացիական գործունեության մեջ տեսնում եմ խորհրդավոր խոհրդապահություն, բիզնես-քաղաքական հետաքրքրություններ: Էլ չեմ խոսում Տիգրան Խզմալյանի մասին, որի ելույթներն ավտորիտար մշակույթի տիպիկ դրսեւորում են՝ չնայած այն հանգամանքին, որ տակավին երկու տարի առաջ նա իր ընտանիքի անդամին փորձել էր «հարմար» տեղավորել ՀՀԿ համամասնական ցուցակում»:
ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձը: «Նախագահ Օբամայի եւ ամերիկյան ժողովրդի անունից իմ ջերմագույն մաղթանքներն եմ փոխանցում Հայաստանի ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Միացյալ Նահանգները եւ Հայաստանն ամուր հարաբերություններ ունեն՝ հիմնված պատմական կապերի եւ փոխադարձ հարգանքի վրա։ Ես հպարտ եմ եւ շնորհակալ հայկական համայնքում շատերի հետ երկարատեւ բարեկամության համար»,-ասված է Քերիի շնորհավորական ուղերձում:
ԲԱՐՈՆՈՒՀՈՒ ՀԵՏ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:
ԿԱՐԾԻՔ
«Դուք կո՞ղմ եք Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցությանը, թե՞ ոչ» հարցի հետ կապված՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը «Թերթ»-ին ասել է. «Իմ խորին համոզմամբ, Մաքսային միությանն անդամակցումը որեւէ կերպ չի ենթադրում Եվրոպայի հետ հարաբերությունների կամ համագործակցության սառեցում, առավել եւս՝ խզում: Ի վերջո, Հայաստանն Արեւելյան գործընկերության անդամ է եւ, իմ կարծիքով շարունակելու է ասոցացման եւ երկխոսության գործընթացները՝ հատկապես հասարակական, քաղաքական ոլորտների կատարելագործման ու զարգացման, ժողովրդավարական գործընթացների կատարելագործման, ինչպես նաեւ արժեհամակարգերի ակտիվ փոխանակության տեսակետից… Իսկ թե ինչ կարծիք ունեն առանձին եվրոպացի փորձագետներ կամ գործիչներ, իրենց իրավունքն է»:
ՉԵՆ ԽԱՆԴՈՒՄ
«ՀԱԿ-ը ո՞նց կարող է խանդով ինքն իր մի մասին վերաբերվի: Ես չգիտեմ, ուրիշ մարդիկ միգուցե ունեն անձնավորության երկակում կամ նման հոգեբանական երեւույթներ, Կոնգրեսը նման բան չունի: Կոնգրեսի մի մասն է կազմել ՀՀՇ-ն, եւ ՀՀՇ-ն այլ քաղաքական ուժերի հետ միավորվել է ՀԱԿ կուսակցության մեջ: ՀԱԿ-ը չի կարող խանդով վերաբերվել իր մի մասին: Դա աբսուրդ է»,-«Առավոտ»-ին ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` արձագանքելով Կարապետ Ռուբինյանի այն տեսակետին, թե ՀԱԿ-ը վերածնվող ՀՀՇ-ին խանդով է վերաբերվում:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՇՏԱՑՐԵԼ Է
Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտկեվիչիուսը երեկ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկ Առաջինի հետ եւ հանդիպման ընթացքում քննարկել նաեւ Հայաստանի հետ կապված հարցեր: «Մենք քննարկել ենք Լիտվայի եւ Վատիկանի երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր, Եվրախորհրդում Լիտվայի նախագահության հարցը, խոսել ենք Ռուսաստանի ահռելի ճնշման, մեզ վշտացրած Հայաստանի որոշման մասին (ՄՄ-ին անդամակցելու), Բելառուսի հետ հարաբերությունների, Վիլնյուսում գործող բելառուսական համալսարանի մասին»,-«Առավոտ»-ի ներկայացմամբ` ասել է Լիտվայի վարչապետը: