ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նահապետ Գեւորգյանի (Նովո) պատճառով Տերյան 83 հասցեում գտնվող մի ամբողջ շենք հոսանքազրկվել է, եւ բնակիչները ժամերով մնացել են առանց լույսի: Ըստ «Առավոտ»-ի՝ տեղեկություններ են շրջանառվում, որ վթարը տեղի է ունեցել Ն. Գեւորգյանին պատկանող ավտոտնակում, որտեղ աշխատանքներ են կատարվել, ինչի պատճառով շենքը սնուցող հոսանքալարը վնասվել է: «Հայէլեկտրացանցեր» ընկերությունը փորձում է պարզել բնակիչների կրած վնասը, ու եթե հաստատվի, որ պատգամավորն է մեղավոր, պետք է փոխհատուցի բնակիչներին: Ինչո՞ւ եք վնաս տալիս բնակիչներին. «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀԿ-ական Ն. Գեւորգյանն այսպես պատասխանեց. «Տերյան 83 հասցեում բնակարան ու ավտոտնակ ունենք, ճիշտն ասած, այնտեղ տղաս է բնակվում, հիմա ես կպարզեմ: Վթա՞ր է եղել»: Երբ ասացինք, որ հնարավոր է՝ ՀԷՑ-ը պարտադրի փոխհատուցել բնակիչների վնասը, պատգամավորը վրդովվեց. «Ղալաթ են արել «Էլեկտրացանցեր»-ը, հլը թող իրենց էն վնասները, որ տվել են էս ժողովրդին, դրանք հատուցեն: Ինչ վերաբերում է մեր վնասին, ասեմ, որ մենք երբեք վնաս չենք տվել մեր ժողովրդին»:
«ՂԱԼԱԹ» ԵՆ ԱՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ