ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿԵՐԿԱՐԱՁԳՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ եկող տարվա գարնանը Արցախում պետք է տեղի ունենան նախագահական ընտրություններ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն իսկ քաղաքական որոշում է կայացվել դրանք չանցկացնել եւ ԼՂՀ գործող նախագահի լիազորությունները երկարաձգել մինչեւ 2020 թվականի ամառը:

Իսկ ինչպես է լուծվելու խնդիրը. Արցախում, ինչպես հայտնի է, Հայաստանի օրինակով նախատեսում են անցկացնել սահմանադրական փոփոխություններ եւ ընդունել նոր Սահմանադրությունը: Արցախի նոր Սահմանադրությամբ նախատեսվում էր փոխել կառավարման կարգը` կիսանախագահականից անցում կատարելով խորհրդարանականին: Բայց քանի որ Արցախում հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան 2020 թվականին, նոր, լայն լիազորություններով խորհրդարանը այդ ժամանակ միայն հնարավոր կլինի ձեւավորել: Ուստի մինչ այդ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը կշարունակի պաշտոնավարել: Ժողովրդավարության տեսանկյունից այս անցման հիմնական փաստարկը լինելու է այն, որ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարաձգումը նախատեսված է լինելու նոր Սահմանադրության նախագծում եւ այն հանրաքվեով է հաստատվելու:
Արցախում իրադարձությունների զարգացման վերը բերված սցենարի ընտրությունը պայմանավորված է երկրի ներսում ստեղծված ներքաղաքական վիճակով: Բանն այն է, որ ի սկզբանե ենթադրվել է, որ եկող տարվա գարնանը Սահմանադրական փոփոխությունների հետ կընտրվի ԼՂՀ նոր նախագահ, որը պետք է պաշտոնավարեր մինչեւ 2022 թվականը: Այդ ընթացքում 2020-ին տեղի կունենային Արցախի խորհրդարանի հերթական ընտրությունները, որոնց արդյունքում ձեւավորված ԱԺ-ն իր լիազորություններն ամբողջությամբ կստանձներ 2022-ի ամռանից, երբ Արցախի՝ այդ ժամանակվա գործող նախագահի լիազորությունները կավարտվեին:
Սակայն, երբ Արցախի եւ Հայաստանի իշխանական շրջանակներում սկսել են քննարկել, թե ով պետք է լինի Բակո Սահակյանի ժառանգորդը, հասկացել են, որ փակուղու առջեւ են հայտնվել: Երկուստեք ընդունելի «ժառանգորդը» համարվում է Արցախի գործող վարչապետ, Արցախի խորհրդարանի մեծամասնության, իշող ամենամեծ կուսակցության՝ «Ազատ Հայրենիք»-ի նախագահ Արայիկ Հարությունյանը: Սակայն այս ընթացքում Արցախում սկսել է ակտիվ գործունեություն ծավալել եւ ժառանգորդի հայտ ներկայացնել նաեւ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ով Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերն է, եւ դժվար կլինի Արցախում նեղացնել նրան: Թեեւ տարբեր տեսակետների համաձայն՝ ԼՂՀ-ում Արկադի Ղուկասյանը բավականին ցածր վարկանիշ ունի: Եւ այս իրավիճակը ստիպել է իշխանական շրջանակներին, որպեսզի նրանք սկսեն ուղիներ փնտրել՝ մի կողմից Արկադի Ղուկասյանին չնեղացնելու, մյուս կողմից էլ՝ կառավարման համակարգի փոփոխությունը կյանքի կոչելու եւ գործող իշխանության կյանքը երկարացնելու առումով:
Նման պայմաններում իբրեւ միակ ընդունելի տարբերակ համարվել է վերը ներկայացված սխեման, որի դեպքում Բակո Սահակյանը կշարունակի մինչեւ 2020 թվականը: Ենթադրվում է, որ մինչ այդ ԼՂՀ գործող վարչապետ Արայիկ Հարությունյանը կհասցնի առավել հզորանալ եւ դառնալ իշխանության ղեկավարի չքննարկվող միակ թեկնածու: Ու այս իրավիճակը գիտակցելով՝ նախագահի ապագա հավակնորդները վերջին շրջանում Արայիկ Հարությունյանի վերաբերյալ լրատվական դաշտում պարբերաբար վարկաբեկող հրապարակումներ են տարածում: Այդ գործընթացը եւս պայմանավորված է նրա «ժառանգորդ» լինելու հանգամանքով: Հայաստանի եւ Արցախի իշխանության որոշակի շրջանակներ փորձում են այդպիսով նրան ասպարեզից հեռացնել, որպեսզի հնարավոր լինի իրենց նախընտրած անձին առաջ մղել:
«Ժողովուրդ»-ը ԼՂՀ ԱԺ իշխող «Ազատ Հայրենիք» խմբակցության անդամ Ռուդիկ Հուսնունցից փորձեց պարզել, թե Արցախում սահմանադրական փոփոխությունները նման սցենարով անցկացնելու մասին լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում: Ի պատասխան՝ Ռուդիկ Հուսնունցն ասաց. «Ես այդ մասին տեղեկություն չունեմ: Մի քանի օրից հետո պարզ կլինի այդ մասնագիտական խումբը (սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող,- Վ.Հ.) հիմա աշխատում է, եւ հուլիսի մեկին երեւի վերջնական առաջարկությունների փաթեթն արդեն կլինի, մինչեւ այդ որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի»:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՀԱՇԻՎՆԵՐԸ ԿՊԱՐԶԵՆ ԵԽԽՎ-ՈՒՄ
Հունիսի 20-ին կմեկնարկի ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ զեկույց: Այդ զեկույցի շրջանակներում ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակությունը մտադիր է բարձրացնել թուրքական մամուլի ազատության սահմանափակման, երկրում ժողովրդավարության բացակայության եւ այլ խնդիրներ: Այդպիսով Գերմանիան միանշանակ փաստելու է, որ Թուրքիան դեռ երկար ժամանակ չի կարող հույս ունենալ, որ կկարողանա ԵՄ անդամ դառնալ: Ենթադրվում է նաեւ, որ այս նստաշրջանի կարեւոր թեմաներից մեկն էլ լինելու է Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստը:

 

 

ՏԵՂԱԿԱՆ ԿՈՐԵՅԿՈ
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նորանշանակ տակավին երիտասարդ պետ Սերգեյ Ավետիսյանը թաքնված միլիոնատեր է: Ավետիսյանի կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 100 մլն դրամ եւ 70 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որն անցած տարվա դրությամբ ամսական կազմել է 914 հազար դրամ:
Ավետիսյանի տիկնոջ՝ Աննա Եղիազարյանի դրամական միջոցները 2015-ի վերջին կազմել են 40 հազար դոլար: Նրա տարեկան եկամուտը կազմել է 1 մլն 816 հազար դրամ, որից 100 հազարը նա հայտարարագրել է իբրեւ բաժնեմասի օտարումից ստացված եկամուտ: Տեղեկացնենք, որ մինչ ՔԱԳՎ պետ դառնալը Սերգեյ Ավետիսյանը զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը 2014-ից: Իսկ դրանից առաջ էլ նա 2009-ից մինչեւ 2014-ը եղել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարը: Մինչ այդ էլ 2003-2009 թթ. աշխատել է Կենտրոնական բանկում: 35-ամյա Ավետիսյանը երբեւէ գործարարությամբ չի զբաղվել, մշտապես պետական պաշտոնյա է եղել: Իսկ թե որտեղից եւ երբ է նա հասցրել նման պատկառելի կարողություն կուտակել, մնում է անհայտ:
Հավելենք, որ Սերգեյ Ավետիսյանն այն պաշտոնյան էր, որի օրոք եւ, կարելի է ասել, անմիջական գործունեության արդյունքում մեր երկրում սկսվեց իրականացվել «բաց երկնքի» քաղաքականությունը` ԱՄՆ-ի «պատվերով»: Արդյունքում, մեղմ ասած, իսպառ վերացավ քաղավիացիայի ոլորտը: Ու հիմա նա նշանակվեց ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ:
Ի դեպ, Սինգապուրի ազգային համալսարանի մագիստրոս Սերգեյ Ավետիսյանը եւս սովորական դասալիք է: Նա Հայոց բանակում չի ծառայել, ու ամենեւին էլ կարեւոր չէ, թե պաշտոնապես ինչ հիմնավորմամբ:

 

 
ԿԴԻՄԻ ՉԵԽԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ
Պետական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը մտադիր է իր երկիր վերադառնալուց հետո դիմել խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: Այդ մասին նա երեկ հայտարարել է Երեւանում Սերժ Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ: «Որպես իմ հայտարարությանը հաջորդող քայլ՝ կդիմեմ Չեխիայի խորհրդարանին, որպեսզի նրանք եւս, Գերմանիայի օրինակին հետեւելով, կատարեն նմանատիպ հայտարարություն»,- ասել է Չեխիայի ղեկավարը։

 

 

ՄԵԿՆԵԼ Է  ԲԵԼԳԻԱ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին աշխատանքային այցով մեկնել է Բելգիա: Երեկ Սահակյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի եւ մի խումբ պատգամավորների հետ: Հանդիպմանը քննարկվել են Բելգիայի եւ Արցախի խորհրդարանների միջեւ կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

 

 

ՈՉ ՄԻ ՀՍՏԱԿ ԲԱՆ
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով Իրանի նախագահի հայտարարությանը, թե Իրանը պատրաստ է ՀՀ տարածքով Պարսից ծոցից դեպի Սեւ ծով կապող միջանցքը բացելու համար կատարել ներդրումներ, հետաքրքրվել է, թե ի՞նչ է արվել այս ուղղությամբ: Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը տեղեկացրել է, որ համաձայնագրեր են ստորագրվել, բայց նաեւ մենք պետք է կարողանանք ապահովել տրանզիտն Արեւելքից դեպի Սեւ ծով: Նա նշել է, որ այս ամիս ՀՀ են գալու իրանցի մասնագետներ՝ երկաթգծի հետ կապված, պատրաստ է նաեւ տեխնիկական ուսումնասիրությունը, բայց դրա կառուցման համար, ըստ Բեգլարյանի, անհրաժեշտ է գումար, որը գտնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

 

 

ՈՉ ԱԴԵԿՎԱՏ
Երեկ Չեխիայի նախագահի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից «Աշխարհի ադրբեջանցիների չորրորդ համաժողով»-ի ընթացքում հնչեցրած հայտարարություններին: «Նրա ելույթը՝ Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով, անձնական վիրավորանքներով երկրի նախագահի հանդեպ, ում հետ, իմիջիայլոց, օրեր անց ինքը պատրաստվում է հարցեր քննարկել, պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով, ոչ ադեկվատության հստակ ընկալում ձեւավորեց: Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղայություն է եւ արագ կանցնի, քանի որ մենք լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք առաջիկայի համար: Եվ հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելուն միտված գիտակցված վարքագիծ չէ»,- ասել է Սարգսյանը:




Լրահոս