ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՓՈԽՈՒՄ Է ՊՐՈՖԻԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ասաց, որ սեպտեմբերին կայանալիք Վանաձորի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու եւ որոշել է բիզնեսով զբաղվել: Ավելին` ինչպես բացահայտեցինք, քաղաքապետը 2012 թվականին էլ չէր ցանկացել առաջադրել իր թեկնածությունը քաղաքապետի ընտրություններում, բայց կյանքը ստիպել է քաղաքապետ դառնալ:

Հիմա արդեն ընտրությունների կարգը փոխվել է: Սեպտեմբերին տեղի ունենալիք ընտրությունները լինելու են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ կուսակցությունները պետք է առաջադրեն թեկնածուներ, անկուսակցական անհատը չի կարող առաջադրվել քաղաքապետի պաշտոնում:
«Ժողովուրդ»-ը սպասվող ընտրությունների մասին խոսեց Վանաձորի գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ:
-Պարո՛ն Դարբինյան, առաջադրվելո՞ւ եք սպասվող քաղաքապետի ընտրություններում:
-Չէ, ես չեմ առաջադրվելու:
– Ինչո՞ւ:
-Բայց դա շուտվա որոշում էր, դեռ նախորդ ընտրություններին էլ չէի ուզում մասնակցել:
-Իսկ ո՞վ Ձեզ ստիպեց մասնակցել 2012-ին:
-Ոչ մեկ, հիմա էլ, որ մասնակցեմ, էլի կընտրվեմ, պարզապես էլ չեմ ուզում:
-Ինչո՞ւ չեք ուզում, արդյո՞ք քաղաքական հրահանգ կա, որ Ձեզ այլեւս չեն ուզում տեսնել:
-Չէ, չէ, նման բան չկա, ընդհակառակը, ես այս տարածաշրջանի հանրապետական կուսակցության խորհրդի նախագահն եմ, չէ՞, նման բան չկա:
-Ձեր միանձնյա որոշո՞ւմն է եղել, չմասնակցել, թե՞ Ձեզ հասկացրել են չառաջադրվել:
-Չէ չէ, ես պարզապես ուզում եմ աշխատանքիս պրոֆիլը փոխեմ:
-Հնարավո՞ր է՝ Ձեր դեմ մշտապես ներկայացվող բողոքներն են պատճառը, որոնց հիման վրա անգամ ոստիկանության Լոռու մարզում նյութեր էին նախապատրաստվում: Ձեր բարեկամն էր դիմել իրավապահներին եւ հայտնել Ձեր ու Ձեր հարազատների սպառնալիքների մասին:
-Իմ վրա որեւէ քրեական գործ չկա, չի էլ եղել: Որեւէ քրեական գործ քաղաքապետի վրա չկա, չի եղել ու չի էլ լինի:
-Փորձը ցույց է տվել, որ Հայաստանում պաշտոնից ազատում, հետո քրեական պատասխանատվության են ենթարկում: Գուցե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի այո-ն չապահովեցիք, ու դա դարձավ Ձեր քաղաքապետ չլինելու ճակատագրական պատճառը:
-Ո՛չ, ո՛չ, ո՛չ, դա իմ որոշումն է, նույնիսկ 2012 թվականին, ես չէի ուզում դնել այն ժամանակ, բայց դրեցի, բայց հիմա.. Իրենք այն ժամանակ էլ գիտեին, որ ես 2016 թվականի ընտրություններին չեմ մասնակցելու:
-Իրենք ո՞վ` Սերժ Սարգսյա՞նը, Լոռու մարզպե՞տը, ո՞ւմ նկատի ունեք:
-Իշխանությունը, իմ ղեկավարությունը, իմ ընկերները:
-Կոնկրետ ո՞վ:
-Առաջին հերթին իմ թիմը գիտեր, որ 2012 թվականի քաղաքապետի ընտրություններին չէին ուզում մասնակցել, բայց ինչ-ինչ առիթներով իմ թիմը ուզեց, որ ես լինեմ: Հիմա էլ իմ թիմը ուզում է, որ ես դնեմ, եւ եթե ես դնեմ, հարց չունեմ ընդհանրապես, բայց ես ուզում եմ աշխատանքիս պրոֆիլը փոխեմ:
-Ի՞նչ նկատի ունեք՝ պրոֆիլ փոխել ասելով:
-Իմ բիզնեսներով եմ զբաղվելու:
-Ո՞ւմ եք տեսնում Ձեր աթոռին նստած:
-Այս պահի դրությամբ որեւէ մեկը չի փայլում, դե, տեսնենք, եղածների մեջ կընտրենք ամենալավին ու կսատարենք նրան:
-Դեռ որոշո՞ւմ չունեք:
-Դեռ չունեմ, բայց միշտ իմացեք՝ դա իմ քաղաքական որոշումն է, այլեւս ես քաղաքապետի պաշտոնում իմ թեկնածությունը չեմ դնելու, իսկ մնացածի մասին դեռ կտեսնենք:
-Ի՞նչ նկատի ունեք մնացածը հետո, հնարավո՞ր է՝ նախարարի պորտֆել առաջարկեն Ձեզ կամ մարզպետի, ու Դուք համաձայնեք:
-Չէ՛, պետական գործի որ ուզեմ աշխատել, քաղաքապետի պաշտոնը Ձեր ասածների մեջ ամենալավն է, բայց էլ պետական գործի չեմ ուզում աշխատել:
-Չե՞ք կարոտի Ձեր աթոռին, քաղաքապետարանի շենքին:
-Դե, ոչ մի բան հավերժական չի, ինչ սկիզբ ունի, նա էլ ավարտ ունի, ես ուզում եմ իմ քաղաքապետի աշխատանքը հաղթանակած ավարտեմ, գնամ: Ես հինգ անգամ ընտրվել եմ, շնորհակալ եմ վանաձորցիներիցս, էդ տարիների ընթացքում շատ լավ ծառայել իմ ժողովրդին, իմ քաղաքին, հիմա էլ ուզում եմ այլ աշխատանքի գնալ, ես այստեղ եկել եմ ճանապարհաշինարարական բիզնեսներից, հիմա էլ էլի ուզում եմ գնալ իմ բիզնեսներին, ի՞նչ է եղել, չի՞ կարելի:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին մի քանի օրերին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում առեղծվածային սպանության եւ ինքնասպանության դեպքերը վախի մթնոլորտ են ստեղծել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունիսի 5-ին սպանվել էր Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի բնակիչ, 42-ամյա Համլետ Պատուրյանը: Անհայտ անձը Էջմիածին քաղաքի Շահումյան 75 հասցեում (նախկին պլաստմասայի գործարանի մոտ) կրակոցներ էր արձակել Համլետ Պատուրյանի ուղղությամբ` սպանելով նրան: Առայժմ, սակայն, այս գործով որեւէ մեկը չի ձերբակալվել: Սպանվածի ծանոթները հայտնել էին, որ Պատուրյանը Հայաստան էր վերադարձել Վոլգոգրադից: Նա ըմբշամարտիկ էր եւ բազմաթիվ բարեգործական աշխատանքներ էր կատարել Էջմիածնում: Սպանվածն ամուսնացած էր, խնամքին ուներ 2 տղա, 1 աղջիկ: Իր միջոցներով մարզական կենտրոն էր ստեղծել եւ մեծ օգնություն էր ցուցաբերել սոցիալապես անապահով ընտանիքներին:
Այդ դեպքի հաջորդ օրը Էջմիածնում մահացած վիճակում հայտնաբերել էին «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանի վարորդ Արտակ Գրիգորյանի հորը` 59-ամյա Վահան Գրիգորյանին: Հարազատները համոզված են, որ նա ինքնասպանություն է գործել, ոչ թե նրան սպանել են: Դեպքից հետո լուրեր շրջանառվեցին, թե Վահան Գրիգորյանին զանգել են ու սպառնացել, որ կսպանեն, ինչից հետո նա գնացել է այդ քայլին:
Էջմիածին քաղաքում այս օրերին տեղեկություններ են տարածվել, որ ըմբշամարտիկի սպանությունը եւ գեներալ Մանվել Գրիգորյանի վարորդի հոր առեղծվածային ինքնասպանությունը կապ ունեն միմյանց հետ: Սակայն «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուների փոխանցմամբ՝ իրավապահներն այս երկու դեպքերը կապող որեւէ հանգամանք չեն գտել: Ասել է, թե սպանության եւ ըստ նախնական վարկածի՝ ինքնասպանության դեպքերը կապ չունեն միմյանց հետ: Ինչեւէ: Նկատենք, որ Մանվել Գրիգորյանի վարորդ Արտակ Գրիգորյանի հոր` 59-ամյա Վահան Գրիգորյանի մահվան գործով մի շարք հարցեր մնում են օդում կախված: Ըստ էջմիածին քաղաքում տարածված լուրերի՝ Վահան Գրիգորյանի մարմնի վրա երեք կրակոցի հետք է եղել, ուստի այստեղ հարց է առաջանում, թե ինչպես կարող էր ինքնասպանության գնացած անձը երեք անգամ կրակել իր վրա: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չնայած մահացած Վահան Գրիգորյանի հարազատները վստահեցնում են, որ նա ինքնասպան է եղել, սակայն իրավապահները չեն բացառում, որ նրան սպանել են, եւ քննում են այդ վարկածը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՆՀԵՏ ԿՈՐԵԼ ԵՆ
Երեկ՝ ժամը 00:30-ի սահմաններում, տեղացած առատ անձրեւից առաջացած ջրհեղեղի եւ ուժեղ քամու հետեւանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը եւ շարքային Արմեն Պավելի Գազարյանը: «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վ. Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Ա. Գազարյանի՝ դին ժամը 09:30-ի սահմաններում, հարակից տարածքներից: Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- նշված է քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

 

 
ՉԻ ԿԱՐՈՂ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Ղարաբաղի ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձին եւ նրան Ղարաբաղի պաշտպանության նախարար նշանակելու կոչերին, երեկ ասել է.«Սամվել Բաբայանը պատերազմի ժամանակ բավականին լուրջ կռվող է եղել, բայց չունի ռազմական որեւէ կրթություն, դա մեկ: Դրանից հետո հանցագործություն է կատարել, նստել է 5 տարի: Դրանից հետո դուրս է եկել, իր համար տարբեր երկրներում, աշխարհում ման է եկել, հիմա եկել է, գործ է ուզում ու պիտի գործ ճարե՞ն ու տա՞ն: Չի կարող»:

 

 

ԴԻՏԱՐԿԵԼ ԵՆ
ԵԱՀԿ-ի առաքելությունը երեկ Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի արեւելյան ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

 

 

ԷԼԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ
Մայիսի 26-ին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ՀՀ գլխավոր դատախազություն դիմում էին ուղարկել` պահանջելով իրենց վճարել տույժ-տուգանքները, ինչպես նաեւ շանտաժի հիմքով քրեական գործ հարուցել։
Երեկ նաիրիտցիները կրկին նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել: Գործարանի աշխատակիցներից Կարինե Շահվերդյանը հայտարարել է, որ դատախազությունը մերժել է իրենց դիմումը։ «Մեր այդ դիմումին պատկան մարմինները լուրջ չեն վերաբերվել եւ ուղղորդել են դիմելու այլ մարմինների՝ քաղաքացիաիրավական հարցերով, ոչ թե քրեական։ Դատախազության պատասխանում նշված է, որ մեր դիմումի մեջ նշված չեն տվյալներ, որոնք կվկայեն հանցագործության առկայության մասին»,- ասել է նա:
Նաիրիտցիները նշել են, որ պայքարը շարունակում են եւ այսօր՝ ժամը 11։00-ին, հավաքվելու են Կառավարության դիմաց։

 

 

ԵՐԹՈՒՂԻՆ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երեւան-Բաթումի-Երեւան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 15-ից: Ընկերության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին: Երեւանից Բաթումի ուղեւորությունը տեւում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե: Անցած տարվա հետ համեմատ տոմսերն էժանացել են մոտ 20 տոկոսով:




Լրահոս