«ԱՍՈՒՄ ԵՆ` ՍԱՌՆԱՍԻՐՏ ԵՄ. ԵՍ ԴԱ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողների ուշադրությանը ներկայացնել բլից հարցազրույցների շարք, որոնց միջոցով կբացահայտենք հայ հայտնիների էությանը բնորոշ գծերը, կանդրադառնանք նրանց կյանքի` քչերին հայտնի իրադարձություններին, կդիտարկենք նրանց բոլորովին նոր ռակուրսից: Այս անգամ մենք զրուցել ենք մի շարք սերիալներից եւ հեռուստանախագծերից, «Թատրոն 32»-ից հայտնի դարձած դերասանուհի Շուշաննա Թովմասյանի հետ:

-Շուշաննա՛, ինչպիսի՞ երեխա եք եղել:
-Շատ հանգիստ: Հիշում եմ, թե ինչպես էի անհամբեր սպասում մայրիկիս` աշխատանքից վերադառնալուն, որ բակ իջնեի` խաղալու, որպեսզի նրա աչքի առջեւ լինեի: Բայց ես կարող էի նաեւ օրերով մնալ տանը եւ ինքնուրույն խաղալ:
-Կյանքն ի՞նչ գույն ունի, ըստ Ձեզ:
-Դեղին ու կանաչ:
-Բնության մի երեւույթ, որին նմանեցնում եք ինքներդ Ձեզ:
-Հանկարծ թող որպես գովասանք չհնչի, բայց դա արեւն է:
-Միշտ կհիշեք այն օրը, երբ…
-Երբ ընդունվեցի Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան: Չեմ մոռանա այդ օրերի հուզմունքը: Տպավորվել է նաեւ իմ կյանքի առաջին քասթինգը, որին մասնակցում էի` սերիալում նկարահանվելու համար: Այդ ժամանակ ամեն բան ինձ համար նոր էր, այդ միջավայրին բացարձակ ծանոթ չէի:
-Ձեր ամենաուժեղ եւ ամենաթույլ կողմերը:
-Ուժեղ կողմս այն է, որ նպատակասլաց եմ, իսկ թուլությունս, ավելի ճիշտ կլինի ասել` բացասական հատկությունս, սառնասրտությունն է: Ինձ ասում են, որ ես սառնասիրտ եմ, եւ ես դա ընդունում եմ: Ասում են` ով-ով, բայց չէինք մտածի, որ դու կարող ես լինել այդպիսին: Ասեմ, որ եթե ես սառում եմ, ուրեմն ինձ հասցրել են դրան: Որովհետեւ ինքս կոնֆլիկտից խուսափող մարդ եմ, շատ ջերմ կարող եմ լինել, բայց երբ ինձ հասցնում եմ ինչ-որ կետի, սառում եմ, եւ դա կարող է երկար տեւել:
-Չեք հավատում, որ…
-Որ այն, ինչին պետք է կյանքում հասնես, հեշտ է տրվում:
-Ֆիլմ, որին նմանեցնում եք Ձեր կյանքը:
-Ես որեւէ ֆիլմ հատուկ չեմ առանձնացնի, բայց կարող եմ ասել, որ իմ մարմնավորած կերպարներից ամեն մեկի մեջ ինձնից ինչ-որ բան կա: Իսկ, առհասարակ, շատ եմ սիրում սովետական, հին հայկական ֆիլմեր, որոնցից երբեք չեմ հոգնում: Դրանց մեջ տեսնում եմ ուսուցողական տարրեր: Հաճույքով եմ դիտում, օրինակ, «Կտոր մը երկինք»-ը, «Նամուս»-ը, «Մեր մանկության տանգոն»:
-Կորուստ, որ դեռ չեք մարսել:
-Դա հորս հետ է կապված: Այս պարագայում մարսել բառը սխալ կլինի օգտագործել, բայց դա անդառնալի կորուստ է ինձ համար: Ֆիզիկապես ոչ, բայց հոգեպես նա ինձ հետ է: Այդ կորստի ցավը սկզբում վերք է պատճառում, հետո դառնում է սպի, որը միշտ քեզ հետ է, որքան էլ դիմես կոսմետիկ միջամտությունների: Մնում է պարզապես համակերպվել:
-Երբեք չեք ներում…
-Երբ նեղացած եմ լինում որեւէ մեկից, սառնասրտությունս հաղթում է, բայց եթե այդ մարդն ինձ համար թանկ է, ես նրան նոր հնարավորություն եմ տալիս:
-Երեւանյան մի քանի իրականություն, որոնք զայրացնում են Ձեզ:
-Կուզենայի, որ մարդկանց հետեւից ռեպլիկներ չհնչեին, փողոցներում չլսեի բարձր ծիծաղ, չտեսնեի կեղտ, թափթփվածություն, այլ մաքուր ու կոկիկ միջավայր: Եվ, իհարկե, կցանկանայի տեսնել մեկը մյուսին ժպտացող մարդկանց:
-Հատկանիշ, որով գրավում եք տղամարդկանց:
-Տղամարդու տարբեր տեսակներ գոյություն ունեն: Նրանց մի մասին կարճ շրջազգեստով էլ կարող ես գրավել, բայց կան տղամարդիկ, որոնց այդ կերպ չես զարմացնի. նրանք ավելի խորքային են: Կուզենամ, որ ինձ ուշադրություն դարձնեն հենց այս վերջին տեսակի տղամադիկ, որոնց դուր կգամ իմ ամբողջական կերպարով:
-Հարվածները հաղթահարելու Ձեր տարբերակը:
-Քնելը (ծիծաղում է): Նման դեպքերում ես կարողանում եմ քուն մտնել, հանգստանում եմ, եւ հետո ամեն բան դասավորվում է:
-Եվ վերջին հարցը` ինչպե՞ս արդյունավետ ապրել:
-Կյանքը հիասքանչ է, պետք չէ դժգոհել ու սպասել հաջողության, ոչ էլ անընդհատ քրտնաջան աշխատել: Ուղղակի անհրաժեշտ է բալանսավորված ապրել եւ ճիշտ գնահատել իրավիճակը:

 

 

 
Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԱՅՆ»-ԻՑ ՀԱՅՏՆԻ ԵՐԳՉՈՒՀԻՆ

Շատերին է հետաքրքիր, թե այժմ որտեղ է եւ ինչով է զբաղվում «Հայաստանի ձայնը 3» նախագծից հայտնի դարձած գյումրեցի երգչուհի Մելինե Գալոյանը, որի գրեթե ամեն ելույթից հետո ժամանակին մեծ բում էր լինում: Այնինչ՝ վերջին շրջանում Մելինեն, կարծես, էկրաններին չի երեւում:

Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընդգրկված է Ազատ Մանուկյանի «Չարի վերջը» մանկական օպերայում. մեներգիչներից մեկն է: Մելինեն ներկայանում է «Տիրամայր Հայաստանի» երգչախմբի կազմում (գեղ. ղեկավար եւ դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան):
Բացի սա` Մելինեին առաջիկայում սպասվում է բավական պարտավորեցնող մի կատարում: Նա մեզ տեղեկացրեց, որ նույն «Տիրամայր Հայաստանի» երգչախմբի կազմում հունիսի 25-ին հանդես կգա նաեւ Գյումրու Վարդանանց հրապարակում: Հռոմի պապը Հայաստան կատարելիք այցի շրջանակում այնտեղ պատարագ կմատուցի, իսկ երգչախումբը ելույթ կունենա լատիներենով:
Մենք, անդրադառնալով «Հայաստանի ձայնը 3» նախագծի շրջանակում Մելինեի եւ իր մարզչի` երգիչ Հայկոյի համագործակցությանը` հարցրինք` արդյոք դրա արդյունքում ծնվել է նոր երգ, եւ երբ այն կհանձնվի հանդիսատեսի դատին. «Այո, երգն արդեն կա, դրա հեղինակը Հայկոն է: Ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլովակը կթողարկվի այս ամռանը»,-տեղեկացրեց Մելինեն:
Երգչուհին երկրպագուների համար մեկ այլ անակնկալ էլ ունի. նա պլանավորում է առաջիկայում հանդես գալ մենահամերգով: Երեւանի պետական կոնսերվատորիայում, ջազ-վոկալ բաժնի շուտով արդեն երկրորդ կուրսի ուսանողուհին երբեմն ներկայանում է բարեգործական համերգներով, երգում է ակումբներում:
Մենք նաեւ հարցրինք, թե արդյոք Մելինեին առաջիկայում կտեսնենք որեւէ հայկական երաժշտական նախագծի շրջանակում, ինչպիսին, օրինակ, «Հայաստանի ձայնն» է. «Կուզենամ մասնակցել որեւէ նմանատիպ նախագծի, բայց արդեն արտերկրում»,-նշեց երգչուհին:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
Հունիսի 13-18-ը ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում կանցկացվի Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների 17-րդ միջազգային մրցույթը, որին կմասնակցեն պատանի դաշնակահարներ Հայաստանից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կորեայից, Իտալիայից, Գերմանիայից, Հոնգ Կոնգից, Լիտվայից: Մրցույթն աշխարհի հեղինակավոր եւ հայտնի ստուգատեսներից է: Այս տարի այն անցկացվում է կրտսեր` 11-14 տարեկան տարիքային խմբի համար: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 60.000 ԱՄՆ դոլար: Դափնեկիրները համերգներով հանդես կգան աշխարհի հեղինակավոր համերգասրահներում: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանից մրցույթին կմասնակցի պատանի դաշնակահար Անդրեյ Կուրբերտը: Նշենք, որ պատանի դաշնակահարը սովորում է Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանի դասարանում: Անդրեյը միջազգային եւ հանրապետական մի շարք մրցույթների դափնեկիր է, «ՀՀ եւ ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման եւ կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ:

 

 

ԹՐԱՄՓԻ ԿԵՐՊԱՐՈՎ
Նյու Յորքի հանրային թատրոնում Ուիլյամ Շեքսպիրի պատվին անցկացված ամենամյա միջոցառմանը օսկարակիր դերասանուհի Մերիլ Սթրիփը ներկայացել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կերպարով: The Hill-ի փոխանցմամբ` հանրապետականի մաշկի գույնը ստանալու համար դերասանուհին կատարել է հատուկ դիմահարդարում, որի արդյունքում նրա դեմքը ստացել է մուգ նարնջագույն երանգ: Սթրիփը ներկայացել է դասական հագուստով եւ վառ կարմիր փողկապով, նա կրել է նաեւ կեղծ որովայն: Վերջինս դերասանուհի Քրիստին Բարանսկու հետ կատարել է Brush Up Your Shakespeare երգը։
 

ՄԵԴՎԵԴԵՎԻՆ ԾԱՂՐԵԼ Է
Ռուսական Comedy Club-ի մասնակից Սեմյոն Սլեպակովը Youtube-ում նոր ռեկորդ է սահմանել: Երկու օրվա ընթացքում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին ծաղրող նրա հոլովակն ավելի քան 4 միլիոն դիտում է ապահովել:
Հիշեցնենք, որ Մեդվեդեւը վերջերս Ղրիմ կատարած իր այցի ժամանակ, պատասխանելով թերակղզու բնակիչների` գնաճին եւ ցածր կենսաթոշակներին առնչվող դժգոհություններին, նշել էր. «Փող չկա, բայց դուք այստեղ դիմացեք»: Դրանից հետո Սեմյոնը Ժողովրդին հասցեագրված ուղերձ է ձայնագրել եւ հրապարակել Youtube-ի իր ալիքում:




Լրահոս