Երեւանի Սասունցի Դավիթ կայարանից գրեթե ամեն օր մի քանի ավտոբուս ուղեւորվում է դեպի Ուկրաինա`Դոնեցկ-Կիեւ եւ Ռուսաստանի Դաշնություն` Սոչի-Մոսկվա՝ տանելով հարյուրավոր ՀՀ քաղաքացիների: Մարդիկ հեռանում են, քանի որ այստեղ աշխատատեղեր չունենալու պատճառով չեն կարողանում գոյատեւել:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը վերջերս հրապարակեց այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ՀՀ-ից մեկնած եւ ՀՀ ժամանած քաղաքացիների թիվը: Ըստ այդմ` նշված ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է 1 մլն 17 հազար եւ ժամանել 922 հազար ՀՀ քաղաքացի: Տարբերությունը, այսինքն՝ բացասական հաշվեկշիռը, կազմել է ավելի քան 123 հազար: Սա մոտ 30 տոկոսով գերազանցում է անցած տարվա նույն ցուցանիշը: Իհարկէ, սպասելի է, որ մինչեւ տարեվերջ բացասական հաշվեկշիռն ինչ-որ չափով կնվազի, քանի որ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների մի մասը կվերադառնա: Սակայն ակնհայտ է, որ դա կկազմի 123 հազարի ոչ զգալի մասը: Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ վերջին 3 տարիների ընթացքում ՀՀ-ից արտագաղթել է մոտ 200 հազար մարդ. 2008թ.-ին` 23.1 հազար, 2009-ին` 25 հազար, 2010-ին` 57.2 հազար, 2011-ին` 49.1 հազար, իսկ 2012-ին` 49.6 հազար հոգի:
Քաղավիացիայի գլխավոր վարչության ցուցանիշներով եւս այս տարվա առաջին կեսին ավելի շատ մարդ է լքել երկիրը, քան անցած տարի: 2013թ. հունվար-հունիսին Հայաստանի «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններից օդային ճանապարհով մեկնել է 382,702 մարդ, ժամանել 342,823 մարդ: Բացասական սալդոն -39,879 է: Մինչդեռ 2012-ի առաջին կիսամյակում ՀՀ-ից մեկնել էր 385,918 մարդ, ժամանել 346,929-ը: Բացասական սալդոն` -38,989: Այսինքն` 890 մարդ ավելի է հեռացել երկրից, սա էլ այն դեպքում, երբ այս տարի ընդհանուր ներհոսքն ավելացել է, զբոսաշրջիկների թիվը` մեծացել:
51-ամյա Գուրգենը 13 տարի է, ինչ ապրում եւ աշխատում է Վորոնեժ քաղաքում: Նա տասն օրով վերադարձել էր Հայաստան` ընտանիքին տեսնելու: Նորից մեկնում է հետ` Վորոնեժ: Գուրգենի ընտանիքի մի մասը` որդին եւ կինը, Երեւանում են ապրում, իսկ նա իր մյուս որդու հետ` Վորոնեժում: Գուրգենի խոսքով՝ Երեւանում դրական փոփոխություններ չկան` նույն աղտոտված մայթերն են, կիսաքանդ ճանապարհները եւ սոցիալապես անապահով ընտանիքները: «Իսկ Վորոնեժը հարուստ քաղաք է, այնտեղ եթե աշխատանք ունենաս, կարող ես քո աշխատավարձով արքայի նման ապրել: Այստեղ` Երեւանում, մարդիկ կոպեկներով են ապրում: Միայն տեսնեք, թե հայերն օտար երկրներում ինչեր են ստեղծում, արարում: Ամեն տեղ խոսվում է նրանց ոսկե ձեռքերի մասին: Իսկ այստեղ հնարավորություն չի տրվում մարդկանց, այդ պատճառով էլ մեկնում ենք այլ երկիր, որտեղ հարգում են մեր իրավունքները եւ առաջ գնալու մեծ հնարավորություններ տալիս: Դո՛ւք էլ եկեք ու կտեսնեք, թե այնտեղ ինչքան հեշտ է ապրելը»,-«Ժողովուրդ»-ին ներկայացրեց Գուրգենը:
Իսկ 26-ամյա Արթուրը զայրացած էր ու տխուր: Նրան ճանապարհելու էին եկել կինն ու 2-ամյա դուստրը: «Ավարտել եմ Պոլիտեխնիկի ռադիոտեխնիկայի բաժինը, բայց հիմա ստիպված երկրից հեռանում եմ, քանի որ ընտանիքս ապրել է ուզում: Իմ մասնագիտությամբ չեմ կարողանում աշխատել, դա ոչինչ, բայց այլ աշխատանք էլ չկա, որով կկարողանամ ընտանիք պահել»,-զայրացած նկատեց նա:
Արթուրն այստեղ է թողնում իր կնոջն ու դստերը: Դեռ չգիտի, թե Մոսկվայում ինչով է զբաղվելու, սակայն վստահ է, որ աշխատած գումարով կկարողանա ընտանիքի անդամների կարիքները հոգալ. «Ի՞նչ անեմ, քո՛ւր ջան, ճար չկա: Շատ վատ եմ ինձ զգում, որ ընտանիքս թողնում եմ այստեղ, բայց ստիպված եմ»:
Նշենք, որ օրեր առաջ ՀՅԴ-ն ներկայացրեց «Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագիրը, որի վրա մի քանի ամիս շարունակ աշխատել են: Այն 11 կետից է բաղկացած: Հեղինակների խոսքով` այն ներառում է կյանքի բոլոր ոլորտները` բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելուց մինչեւ կադրային փոփոխություններ, նոր աշխատատեղերի ստեղծում, հարկային ու մաքսային քաղաքականության վերանայում, հակահայկական եւ հակապետական քարոզչության դեմ պայքար` նաեւ երկրի ներսում: Գուցե որպես ծրագիր՝ այն լավն է, բայց թե որքանով կհաջողվի կյանքի կոչել, մեծ հարցական է: Իսկ մինչ այդ արտագաղթը շարունակվում է…
ԴՐՍՈՒՄ ԱՊՐԵԼՆ ԱՎԵԼԻ ՀԵ՞ՇՏ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ