ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՐԲ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՉԻ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների ընտրանին հերթական կարճատեւ հավաքն անցկացրեց ֆուտբոլի ակադեմիայում, իսկ սեպտեմբերի 18-ին կայացած ստուգողական խաղում 6:0 հաշվով ջախջախեց «Փյունիկ-2»-ին:
Սակայն այդ հաղթանակը, ամենայն հավանականությամբ, չի ուրախացրել Երեւանի «Արարատ»-ի եւ Հայաստանի Մ19 ընտրանու գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին: Նա նշել է, որ հավաքին հրավիրված խաղացողների ֆունկցիոնալ վիճակն իրեն չի գոհացրել: Ըստ նրա՝ լեգեոներների մի մասը չունի խաղային պրակտիկա, մասնակցում է միայն մարզումների, ինչը բավարար չէ: Իսկ լեգեոներներից երկուսն էլ դժգոհել են, որ որոշակի հոգնածություն ունեն, քանի որ հագեցած խաղացանկով են հանդես գալիս… Հայկական ակումբները ներկայացնող ֆուտբոլիստներն էլ ֆունկցիոնալ վատ վիճակում են, քանի որ մարզվում եւ խաղում են մանկապատանեկան ֆուտբոլի մակարդակ ունեցող առաջին խմբի թիմերում: Եվ կարելի է ենթադրել, որ «Փյունիկ-2»-ին հաղթելը չի ուրախացրել Ա. Խաշմանյանին։ Ամռանը պորտուգալական «Բրագա» տեղափոխված «Միկա»-ի պատանի կիսապաշտպան Սարգիս Շահինյանն էլ լավ մարզավիճակում չէ, իսկ Պորտուգալիա մեկնելուց առաջ ամեն ինչ նորմալ էր։ Հավանաբար, լավ մարզավիճակի շնորհիվ են հայ պատանի ֆուտբոլիստին ընդունել «Բրագա», ընդունել են ու նստեցրել պահեստայինների նստարանին. նա միայն մարզվում է… Հաջորդ հավաքը կկայանա հոկտեմբերի 3-7-ը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Լեհաստանում մեկնարկելու է Եվրոպայի 2014թ. առաջնության ընտրական փուլը, ու մեր տղաները հաջորդաբար խաղալու են Ռումինիայի, Լեհաստանի եւ Լիտվայի ընտրանիների հետ։

ՆԱԵՎ «ՀՐԱԶԴԱՆ»-Ը
ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հաստատել է ազգային ֆեդերացիաների՝ Եվրո-2020-ի եզրափակիչ փուլն անցկացնելու հայտերը։ Հավակնորդների թվում ընդգրկվել է նաեւ ՀՖՖ-ի՝ Երեւանի «Հրազդան» մարզադաշտում առաջնությունն ընդունելու հայտը: ՈՒԵՖԱ-ն հաստատել է նաեւ հետեւյալ երկրների հայտերը. Անգլիա (Լոնդոն), Ադրբեջան (Բաքու), Բելառուս (Մինսկ), Բելգիա (Բրյուսել), Բուլղարիա (Սոֆիա), Մակեդոնիա (Սկոպյե), Հունգարիա (Բուդապեշտ), Հունաստան (Աթենք), Գերմանիա (Մյունխեն), Դանիա (Կոպենհագեն), Իսրայել (Թել Ավիվ), Իռլանդիա (Դուբլին), Իսպանիա (Մադրիդ, Բարսելոնա, Բիլբաո, Վալենսիա), Իտալիա (Հռոմ, Միլան), Ղազախստան (Աստանա), Հոլանդիա (Ամստերդամ), Լեհաստան (Վարշավա, Խոժուվ), Պորտուգալիա (Լիսաբոն, Պորտո), Ռուսաստան (Սանկտ Պետերբուրգ), Ռումինիա (Բուխարեստ), Սերբիա (Բելգրադ), Թուրքիա (Ստամբուլ), Ուկրաինա (Կիեւ, Դոնեցկ), Ուելս (Կարդիֆ), Ֆինլանդիա (Հելսինկի), Ֆրանսիա (Լիոն), Խորվաթիա (Զագրեբ), Չեխիա (Պրահա), Շվեյցարիա (Բազել), Շվեդիա (Սոլնիա), Շոտլանդիա (Գլազգո): ՈՒԵՖԱ-ի գործկոմը մրցաշարը հյուրընկալող 25 քաղաքների հարցում վերջնական որոշումը կկայացնի 2014թ. սեպտեմբերին:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս