Մեր հիմնական նպատակը Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելն է. Արայիկ Բաղդադյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի համար Ռիոյի Օլիմպիական խաղերը երկրորդն են: Լոնդոն-2012-ի ձախողումից հետո, Ռիո-2016-ից մարզիչը ակնկալում է առնվազն մեկ մեդալ: Մասնագետը կանխատեսումներ չի անում, նախընտրում է գործով ապացուցել: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Բաղդադյանը խոսեց 4 հայ օլիմպիականների, Խաղերի նախապատրաստական փուլերի, ինչպես նաև՝ իրենց հասցեին հնչեցրած քննադատությունների մասին:

-Պարոն Բաղդադյան, մեր նախորդ հարցազրույցի ժամանակ նշել էիք, որ  2-3 ուղեգիրը հաջողություն կհամարեք: Այժմ Հայաստանի հավաքականն ունի 4 ուղեգիր: Գո՞հ եք:

-Ես նշել էի, որ այս թիմով գոնե 2 ուղեգիր պետք է ունենանք: 3 ուղեգիրը գոհացնող էր, իսկ ահա 6 քաշային կարգերից 4 ուղեգիր ունենալը, այն էլ այս թիմով, հաջողություն է:

-Սակայն չորրորդ ուղեգիրը անակնակալ ստացվեց:

-Այո, Դավիթ Սաֆարյանը ուղեգիր ստացավ մյուս մարզիկների որակազրկման շնորհիվ: Կարելի է ասել` Աստված տեսավ Դիվիթի տանջանքը, աշխատասիրությունը, թափած քրտինքը և նրան այսպիսի հնարավորություն տվեց: Այժմ նա ամբողջովին կենտրոնացել է Օլիմպիական խաղերի վրա: Հավանական է, որ նա չմասնակցի Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի խաղարկությանը: Նրան հատուկ մոտեցում ենք ցույց տալիս, և ավելորդ ծանրաբեռնվածություն նրան հարկավոր չէ: Կկենտրոնանանք բուն մարզման գործընթացի վրա:

-Նախորդ Օլիմպիական խաղերում Հայաստանի ազատ ոճային ըմբիշները ձախողվեցին: Ի՞նչ ակնկալիքներ կան Ռիո-2016-ից:

-Ռիո մեկնող մարզիկները պատահական ըմբիշներ չեն: Սաֆարյանը Օլիմպիական խաղերի փորձ ունի: Նրա մասնակցությունը նախորդ Խաղերին չի կարելի ձախողում համարել, քանի որ այնտեղ մրցավարական կոպիտ խաղտումներ եղան: Գեորգի Կետոևը տիտղոսակիր և ահռելի փորձ ունեցող ըմբիշ է: Բերիանիձեն առաջին անգամ է մասնակցելու Խաղերին, բայց նա էլ միջազգային գորգի փորձ ունի: Գառնիկ Մնացականյանը երկար տարիներ է, ինչ մարզվում է: Ճիշտ է` մասնակցել է միջազգային մրցաշարերի, բայց անգամ երիտասարդների Եվրոպայի կամ աշխարհի առաջնության փորձ չունի: Նրան մեկ հնարավորություն էր տրված, և տեսաք, թե ինչպես նա կատարեց իր առջև դրված առաջադրանքը: Գառնիկը ցանկացած մրցակցին տհաճ անակնկալ կարող է մատուցել: Օլիմպիական խաղերում բոլորը իրար հավասար են: Կանխագուշակումներն այս դեպքում պարապ գործ են:

-Պարոն Բաղդադյան, Դուք հավաքականը գլխավորում եք գրեթե 2009 թվականից: Ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում Ձեր գլխավորած հավաքականում:

-Նախորդ Օլիմպիական հավաքականից մնացել է միայն Դավիթ Սաֆարյանը: Հրավիրվել են Բերիանիձեն և Կետոևը: 57 կգ քաշում մենք միշտ լավ մրցակցություն ենք ունեցել՝ Միհրան Ջաբուրյան, Գարիկ Բարսեղյան, Օհան Գիքինյան, Երվանդ Թադևոսյան, Գառնիկ Մնացականյան և էլի մի քանի մարզիկներ, որոնց մեջ միշտ մրցակցություն է եղել, ինչն էլ իր արդյունքը տվեց:

Բացի մարզումային բուն գործընթացից, Օլիմպիական խաղերին մասնակցող տղաների հետ առանձին զրուցո՞ւմ եք:

-Այո: Ես տղաներին ասում եմ, որ ճիշտ է` Օլիմպիական խաղերը չես համեմատի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության հետ, բայց հարկավոր չէ Խաղերից «վախենալ»: Պետք է հանգիստ մոտենալ:

-Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը շատ քննադատությունների արժանացավ՝ հատկապես Եվրոպայի առաջնությունից հետո: Դա չի՞ ընկճում հավաքականին:

-Քննադատողներ միշտ էլ եղել են, թող քննադատեն: Բայց թող հաշվի առնեն, որ Օլիմպիական խաղերին մենք 4 ուղեգիր ունեցել ենք միայն 2008-ին, այն էլ` 8 քաշային կարգերից, այժմ 6-ից 4 ուղեգիր ունենք: Քննադատողները թող ավելի խորը նայեն խնդրին: Օրինակ` Երևանում շատ մարզադպրոցներում հրաշալի պայմաններ կան, սակայն նրանցից հավաքականը համալրած ըմբիշներ գրեթե չկան: Իսկ շրջաններում լավ երեխաներ կան, նրանք էլ պայմաններ չունեն: Ցավալի է` շատ: Մենք մասնագետների կարիք ունենք: Իսկ այժմ մեր հիմնական նպատակը Օլիմպիական խաղերում առնվազն մեկ մեդալ նվաճելն է:

Պարոն Բաղդադյան, նախապատրաստական ի՞նչ փուլեր եք անցնելու մինչև Օլիմպիական խաղերը:

-Մինչև հունիսի 24-ը կլինենք Ծաղկաձորում: Այնուհետև կմասնակցենք Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի խաղարկությանը, որը կկայանա Վանաձորում հունիսի 25-26-ը: Դրանից հետո` հուլիսի 2-16-ը, Ռուսաստանի հավաքականի հետ համատեղ հավաք կունենանք: Այնուհետև կմեկնենք  Վրաստան, այնտեղ էլ համատեղ հավաք կանցկացնենք տեղացիների հետ: Օգօստոսի 5-ին կվերադառնանք Երևան, որտեղ կանցկացնենք վերջին մարզումները: Այնուհետև՝ օգօստոսի 9-ին, 57 կգ և 125 կգ քաշային ըմբիշները ինձ հետ կմեկնեն Ռիո, իսկ օգօստոսի 11-ին  մեզ կմիանան 65 կգ և 97 կգ քաշային ըմբիշները՝ մարզիչներ Հովսեփ Հովսեփյանի և Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ: Արդեն Ռիոյում կանցկացնենք 10-օրյա հավաք և կմասնակցենք Խաղերին:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս