Այսօր Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձն է, եւ այդ առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ճանաչված դերասան, ռեժիսոր Աշոտ Ադամյանի հետ` փորձելով պարզել, թե ինչ են տվել անկախության տարիները մեր երկրի մշակույթին:
-Անկախություն կառուցելը տեւական եւ շատ պատասխանատու աշխատանք է, ու դրան հասնում են տվյալ երկրի այն բոլոր մարդկանց գործունեության շնորհիվ, որոնք մտադիր են երկիրը դարձնել անկախ պետություն։ Ցավոք, մեզ մոտ այդ ուղղությամբ աշխատանքները, ինչպես ասում են, կաղում են, եւ իրականությունը դրա շատ ցնցող վկայությունն է։ Այսինքն՝ չենք արել այն ամենը, ինչի շնորհիվ կարող ենք համարձակորեն ասել՝ անկախ երկիր ենք, պետություն։ Ինչ վերաբերում է արվեստին, ապա արվեստը չի կարող ոչ անկախ երկրում լինել անկախ եւ հաջողակ, որովհետեւ իրեն արվեստասեր ներկայացնող երկիրն ունենում է կառույցներ, որոնք նպաստում են արվեստի զարգացմանը, իսկ նմանատիպ բաներ մեզանում, կարելի է ասել, չկան։ Եվ, ինչպես բոլոր ոլորտները, արվեստը նույնպես կաղում է։ Արվեստը, արվեստի բնագավառը գնացել է անհատական դաշտ, մարդը գլուխը տալիս է պատին կամ չի տալիս, իր անձնական շնորհքի միջոցով կա՛մ ստեղծում է, կա՛մ չի ստեղծում։ Իսկ այն, ինչ հորդում է, ասենք, մեր հեռուստաէկրաններից, շատ հեռու է արվեստ կոչվելուց, դա կարելի է անվանել մեկ հետաքրքիր բառով՝ շոուաղբ… Ճարտարապետությունը տրնգի է պարում, չես հասկանում՝ որտեղից են եկել՝ այլմոլորակայի՞ն են, ուզբե՞կ, թաթա՞ր, մոնղո՞լ, թե՞ հայ։ Պատմական հուշարձանները քանդելով՝ սարքում են ինչ-որ նորելուկ, անհասկանալի պատկանելության «կոթողներ», եւ ես չգիտեմ՝ դրանց ինչպես անվանել։ Եթե Դուք գիտեք, գրե՛ք։
-Հույս ունե՞ք, որ երբեւէ մեզ մոտ բարձրարվեստ կինոնկար կնկարահանեն։
-Կարծում եմ՝ հնարավոր է, բայց դա կլինի պատահականություն. ասենք՝ այնտեղ, որտեղ ծաղիկ պետք է չաճի, բայց հանկարծ հայտնվում է, դա արտակարգ իրավիճակ է, արտակարգ դեպք է, օրինաչափություն չէ։ Կարող է հայտնվել խելացի մարդ, որը մի հետաքրքիր կտավ, ֆիլմ կամ ներկայացում կստեղծի, բայց դա, կրկնում եմ, չի կարող լինել օրինաչափ նման աննորմալ պայմաններում։ Ամեն դեպքում, հոգուդ մեջ դու մնում ես լավատես, որովհետեւ ուզում ես հավատալ, որ մարդկային բարձր որակները պետք է վերջապես ի հայտ գան, հակառակ դեպքում կկորցնես տեսակդ։
ՈՉ ԱՆԿԱԽ ԵՐԿՐՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԲԱՐՁՐ ԱՐՎԵՍՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ