ԱՎԵԼԻ ԱՆԿԱԽ
Անկախության տոնը սիրված երգիչ Արամոն կանցկացնի տանը: «Ժամանակներ են եղել, որ մասնակցել եմ տարբեր միջոցառումների, բայց այս տարի ոչ մի տեղից հրավերք չի եղել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց երգիչը: Հարցին, թե որն է դրա պատճառը, Արամոն պատասխանեց, թե ավելի լավ կլիներ՝ մենք դա պարզեինք կազմակերպիչներից:
Խոսելով տոնի մասին՝ երաժիշտը նկատեց, որ անկախություն կա որոշակի չափով. «Ցանկալի կլինի՝ ավելի շատ ազատություն ունենանք ու կախված չլինենք գերտերություններից»: Իսկ ահա համեմատելով խորհրդային տարիների Հայաստանը այսօրվա հետ՝ երգիչը նկատեց, որ այն ժամանակ արգելքները շատ էին բոլոր առումներով. «Կրեմլից որոշում էին, որ պետք է կարմիր գույն հագնեինք, բանտի պես էր: Հիմա անկախ է, ինչ ուզում ես՝ արա՛, ուր ուզում ես՝ գնա՛, արի՛»:
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Երգչուհի Էռնա Յուզբաշյանը, որը երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում, երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոստովանել է, որ հայրենիք վերադառնալու ուղղությամբ համարձակ քայլեր կատարելու համար «արդեն այն տարիքում չէ». «Մենք մեծանում ենք, ապրում օտար երկրում, օվկիանոսից այն կողմ, եւ այսպես անցնում է կյանքը առանց քեզ` քո Երեւանում: Ես արդեն այն տարիքում չեմ, որ համարձակ քայլեր անեմ: Համարձակ քայլը պետք է կատարի այն անձնավորությունը, որը կասի ինձ. «Վերջ: Դու պետք է վեր կենաս եւ վերադառնաս հայրենիք»»:
ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ
Դերասանուհի Նառա Դիլանյանի հարսանիքը կկայանա հոկտեմբերին: Օրեր առաջ Նառան ընկերուհիների հետ միասին երեւանյան ժամանցային վայրերից մեկում կազմակերպել էր իր «դեվիշնիկը»: Դերասանուհու խոսքով՝ ինքն այդ օրվան երկար է պատրաստվել, քանի որ ուզում էր` ամեն ինչ հեքիաթային անցնի: Այդ օրը նրա սիրելին իր ընկերների հետ նույնպես խնջույք է կազմակերպել: Իսկ թե ուր կմեկնեն հարսանեկան ճամփորդության, զույգը դեռ չի որոշել, բայց Նառան երազում է Վենետիկի մասին: