Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 14-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նշանակման առիթով շնորհավորելով դեսպանին` Նորին Սրբությունը արդյունավոր գործունեություն մաղթեց նրան ի նպաստ երկու ժողովուրդների միջև եղբայրական կապերի առավել սերտացման: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձ կատարեց երկու պետությունների միջև առկա գործակցությանը` հավելելով, որ դրան նպաստում է նաև Ղազախստանում հայ համայնքի առկայությունը և վերջինիս ակտիվ ներգրավվածությունը երկրի տարբեր ոլորտներում: Նորին Սրբությունը, ի դեմս դեսպանի, նաև իր վշտակցությունը հայտնեց Ղազախստանի ողջ ժողովրդին վերջերս Ակտոբե քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնց զոհ գնացին անմեղ քաղաքացիներ:
Այս առնչությամբ, խոսելով մարդկության առջև ծառացած մարտահրավերների մասին, Նորին Սրբությունը կարևոր նկատեց հոգևոր և քաղաքական առաջնորդների ջանքերի մեկտեղումը` հանուն հոգևոր բարոյական արժեքների զորացման և խաղաղության հաստատման: Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ նախագահ Ն. Նազարբաևի նախաձեռնությամբ Ղազախստանում պարբերաբար գումարվող համաշխարհային և ավանդական կրոնների հոգևոր առաջնորդների գագաթնաժողովների դերակատարությանը` կարևորելով նման համախմբումների անհրաժեշտությունը մարդկության խաղաղ կյանքի կերտման գործում: Դեսպան Թ. Ուրազաևը, խոսելով երկու ժողովուրդների բարեկամության և երկրների գործակցության մասին, ընդգծեց ժողովուրդների միջև հոգևոր, մշակութային կապերի առավել զորացման անհրաժեշտությունը: Ղազախստանի դեսպանը նաև կարևորեց համատեղ քայլերի ձեռնարկումը` ի խնդիր մարդկային կյանքն արատավորող երևույթների կանխարգելման: Այս կապակցությամբ դեսպանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` համաշխարհային և ավանդական կրոնների հոգևոր առաջնորդների գագաթնաժողովների կազմակերպման գործում Հայ Եկեղեցու կողմից ցուցաբերվող զորակցության համար: