Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ազատել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից»:
Սերժ Սարգսյանի մեկ այլ որոշմամբ` Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ):
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն առաջիկայում նոր փոխնախարար կունենա: Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն առաջիկա օրերին կնշանակվի ՀՀ արտաքին գործերի փոխնախարար:
Ինչպես հայտնի է, Պապիկյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի փեսան է, դստեր ամուսինը: Իսկ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, այս տարվա մարտի 4-ից ԱԳ փոխնախարար է: Մինչ այդ նա մոտ մեկ տարի պաշտոնավարեց որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ: Ու եթե այսպես շարունակվի, ապա Խոսրով Հարությունյանն իր ողջ ընտանիքն աշխատանքի կտեղավորի ՀՀ արտաքին գործերի նախարարությունում: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնում Արմեն Պապիկյանին կփոխարինի Պարույր Հովհաննիսյանը: Վերջինս ներկայումս զբաղեցնում է ՀՀ ԱԳ Եվրոպայի վարչության պետի պաշտոնը»: