Հայտնի է Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպման օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Երկուշաբթի օրը՝ հունիսի 20-ին, ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ՀՀ, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում է պլանավորվում: Ենթադրվում է, որ եռակողմ հանդիպումից առաջ ՌԴ նախագահն առանձին հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ»,-ասել է Ուշակովը:

Նրա խոսքով՝ ռուսական կողմը «ակտիվ քայլեր կձեռնարկի՝ հակամարտության կարգավորման հարցում կողմերին աջակցություն ցուցաբերելու համար»:

ՌԴ նախագահի օգնականը հիշեցրել է նաև, որ ՌԴ նախագահը մի քանի հեռախոսազրույց է ունեցել երկու երկրների առաջնորդների հետ, կայացել են պաշտպանության, արտաքին գործերի նախարարների այցերը, Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր շտաբերի պետերը, ինչպես նաև ապրիլի սկզբին Երևան և Բաքու է այցելել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Այժմ մենք շարունակում ենք միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ: Տեսնենք, թե ինչ արդյունք կտա այդ եռակողմ հանդիպումը: Ռուսական կողմն ակտիվ երկխոսությամբ ամենահետաքրքրված կողմն է» ,-եզրափակել է Ուշակովը:




Լրահոս