Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Հարվարդի համալսարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աշխատանքային այցելությամբ Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 25-ին Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով է հանդես եկել Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նախարարի ելույթին ներկա են եղել Հարվարդի համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, հետազոտողներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ:
Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում և հարցերին տրված պատասխաններում ներկայացրել է հայ-ամերիկյան հարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, սիրիական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Ելույթից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հարվարդի համալսարանի մարշալ Ջեքի Օ՚Նիլի հետ։ Հանդիպմանը քննարկվել են հեղինակավոր կրթօջախում հայազգի ուսանողների առավել ներգրավման հնարավորությունները։
Հարվարդում ՀՀ արտգործնախարարը նույն համալսարանի պատվավոր պրոֆեսոր, բժշկական ֆակուլտետի բազմամյա դեկան Էրնեստ Բարսամյանին հանձնել է ՀՀ նախագահի կողմից շնորհված “Մխիթար Հերացի” մեդալը։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Նյու-Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին։
 
 
 




Լրահոս