ՊԱՅՔԱՐ՝ ԴԱՏԱԽԱԶԻ ԱԹՈՌԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազի երկու հավանական թեկնածուները միանշանակ չեն ընկալվում իրավապահ համակարգում: Ու թեեւ դեռ պաշտոնապես ոչինչ հայտնի չէ, այնուամենայնիվ, ե՛ւ Արթուր Օսիկյանի, ե՛ւ Հրաչյա Բադալյանի մասին բացասական հնչերանգներով կարծիքները սկսել են դաշտում տարածվել առավել մեծ արագությամբ:
Այն, որ Սերժ Սարգսյանը հասարակության կողմից ատելություն վայելող մարդկանց նկատմամբ ջերմ վերաբերմունք ցուցաբերելու հատուկ տաղանդ ունի, վաղուց է հայտնի: Ու այս ֆոնին ամենեւին էլ պատահական չէ, որ համառ լուրեր են շրջում, թե ՀՀ ապագա գլխավոր դատախազը լինելու է Երեւան քաղաքի գործող դատախազ Հրաչյա Բադալյանը: Այս լուրը գլխավոր դատախազությունում անասելի “ծանր են տարել”: Ըստ մասնագետների՝ Բադալյանը մեղադրանքները ծանրացնելու հակումներ ունի, ու նրա հետ աշխատելը շատ դժվար է: Հավանաբար, այդ նշանակումից հետո շատերը ստիպված կլքեն դատախազությունը: 
Նշենք, որ Բադալյանը երկար տարիներ զբաղեցնում է Երեւան քաղաքի դատախազի պաշտոնը եւ մասնակից է եղել բազում աղմկահարույց գործերի ծածկադմփոցին: Միայն “Տեցի կրուգի” հայտնի արյունալի “ռազբորկան” բավական է՝ բնութագրելու Բադալյանին: Հանրության աչքի առջեւ տեղի ունեցած կրակոցների գործով հիմնական դերակատարներն ազատ արձակվեցին: Ու դեռեւս այդ օրերին բացահայտվեցին Բադալյանի ջերմ կապերն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Նրանց հաճախ կարելի է տեսնել միասին ճաշելիս: Աբրահամյանի միջոցով Բադալյանը վերջին շրջանում ջերմացրել է հարաբերությունները նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Ու ակնհայտ է, որ, ունենալով այս խնամիների հովանավորությունը, ամեն ինչ անում է՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում հայտնվելու համար: 
“Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ Բադալյանը նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հովանավորությունն է վայելում, ու քանի որ ՍԴ նախագահի խոսքը Սերժ Սարգսյանը երբեմն ընդունում է, գործի է դրվել նաեւ այս ,լոբբիստական խողովակըե: Նշենք, որ Հարությունյանի հետ Բադալյանի կապը սերտացել է նրա որդու՝ Արտակ Հարությունյանի՝ Երեւան քաղաքի դատախազի տեղակալ աշխատելու տարիներից: 
Ուսումնասիրելով 55-ամյա դատախազ Բադալյանի՝ 2013-ի փետրվարին ներկայացրած հայտարարագիրը՝ “Ժողովուրդ”-ը պարզեց, որ նա ապրում է միայնակ (տանը ոչ ոք չունի): Չունի նաեւ սեփական տուն ու բիզնես: Նրա միակ եկամուտն աշխատավարձն է, որը կազմում է տարեկան 6 մլն 904 հազար 626 դրամ: Բայց, չնայած այդ իրողությանը, Բադալյանը տարեսկզբին իր հաշվին ունեցել է 21 մլն դրամ, իսկ տարեվերջին այն դարձել է 23 մլն դրամ: Թե որտեղից են գոյացել այդ գումարները, թերեւս առանձին “քննության” հարց է:  
Ինչ վերաբերում է ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին, ապա նրան եւս դատախազությունում “գրկաբաց” չեն սպասում:”Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազությունում Օսիկյանին համարում են “նախագահականի կադրը”՝ դրանից բխող բացասական վերաբերմունքով: Մոտավորապես այնպիսի, ինչպիսին առկա է զինդատախազ Գեւորգ Կոստանյանի հանդեպ: Բայց սա Օսիկյանի միակ “թույլ տեղը չէ”: Նա, լինելով պետական պաշտոնյա, չի ծառայել հայոց բանակում: Այս փաստը հատկապես իրավաբանների շրջանում համարվում է ամոթալի: Ի դեպ, Օսիկյանը 2009-ին մի կարճ ժամանակահատված եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Հ.Գ. Լուրեր կան, որ Գագիկ Ծառուկյանը Թումանյան փողոցում գտնվող իր բարձրահարկ շենքից 300 քմ բնակելի տարածք է նվիրել դատախազ Բադալյանին: Այս տեղեկությունը, սակայն, “Ժողովուրդ”-ին չհաջողվեց ճշտել, քանի որ Բադալյանը խոսակցության կեսից անջատեց հեռախոսը:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 622 համար




Լրահոս