Հայ-վրացական գործարար համաժողով Թբիլիսիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի “ԷՔՍՊՈ-ՎՐԱՍՏԱՆ” ցուցահանդեսային սրահում, սեպտեմբերի 25-ին, կայացել է Հայ-վրացական գործարար համաժողով, որը կազմակերպել էր ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը։ Արժեւորելով Վրաստանում հայ գործարարի դարավոր ներկայությունը՝ Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին կարեւորել է հայ-վրացական առեւտրաարդյունաբերական պալատների գործակցության առավել ակտիվացումը։ 
ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը նախ պատմական էքսկուրսով շեշտել է հայ գործարարի, հայ մտավորականի եւ, ընդհանրապես, հայի վիթխարի վաստակը հարեւան ու բարեկամ երկրի կյանքում, միաժամանակ մասնավորեցնելով. “Մեր տնտեսական հարաբերությունների առյուծի բաժինն ընկնում է տրանզիտային առեւտրին։ Եթե մեր ապրանքաշրջանառության շուրջ 70 տոկոսը իրականացվում է Վրաստանով, ապա, ինչպես ցանկացած տրանզիտային առեւտրի դեպքում, Վրաստանի համար դա էական լրացում է պետական գանձարանին եւ հատկապես ուղղակի ազդեցության գործոն երկրի բարեկեցության վրա…”։
Զարգացման Հայկական Գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը ծավալուն շնորհանդեսով հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի գործարար մթնոլորտը եւ բարեփոխումների ընթացքը, ինչը էականորեն թեթեւացնելու է բիզնեսի բեռը։
Հայաստանյան գործարարները բացառիկ ակտիվությամբ մասնակցել են հարցադրումներին եւ մտքերի փոխանակությանը։ Ներկայացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայկական նվաճումները եւ Վրաստանում արդեն գործակցության փաստը՝ “ԲԱՐՎԱ” ինովացիոն կենտրոնի նախագահ, ՀՀ ԱԱՊ նախագահության անդամ Արամ Վարդանյանը զարմացական ժպիտներ շարժող փաստ է ներկայացրել։ Վրաստանի անկախության տոնը նշանավորելու հանդիսավոր արարողության պահին սպասվող տեղատարափ անձրեւը ամեն ինչ խաթարելու էր, եթե չլիներ իրենց պատրաստած հակակարկտային “Զենիթ” համակարգը, որը մի քանի րոպեում գորշ ամպերի զանգվածը ցրելով՝ լուսավոր բացվածք է ստեղծել երկնքում՝ ուղղակի փրկելով մեծ հանդիսությունը։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, “Հայաստանի վաճառականներ” ՀԿ նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը, “ԷՍԿՈ ԿՈՆՑԵՌՆ՞ ընկերության նախագահ Սարգիս Աղաբեկյանը եւ շատերը վրացի գործարարներին ներկայացրել են համագործակցության ակտիվացմանը նպաստող շատ գործոններ։
Գործարար “ԲԻ ԹՈՒ ԲԻ” ձեւաչափով մեծ հանդիպումը հրաշալի հնարավորություն էր հին կապերը աշխուժացնելու, նորերը ստեղծելու եւ համատեղ ծրագրեր իրականացնելու համար։
Գործարար համաժողովի ավարտին ՀՀ  ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը հայաստանյան պատվիրակության կողմից պատրաստակամություն է հայտնել նման բիզնես ֆորումները դարձնել շարունակական՝ նպաստ բերելով հայ–վրացական տնտեսական կապերի առավել զարգացմանը։




Լրահոս