Երկրաշարժերը 2013թ. սեպտեմբերի 19-ից մինչեվ 25-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 19-ից մինչև 25-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ ուժգնությամբ գրանցել է մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին Աշոցք գյուղից 7 կմ դեպի հարավ-արևելք:
Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 23 երկրաշարժ, որից 7-ը (3-6 բալ ուժգնությամբ) Թուրքիայի Վանի, 6-ն էլ` Իրանի Ահարի (3-4 բալ ուժգնությամբ) երկրաշարժերի հետցնցումներն են: Սեպտեմբերի 19-ին 4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում էր Իրան-Ադրբեջան (Նախիջևան) սահմանային գոտում` Նախիջևան քաղաքից 23 կմ դեպի արևմուտք: Հաջորդ օրը 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Իրանի Թավրիզ քաղաքից 37 կմ հյուսիս-արևելք: Սեպտեմբերի 20-ին և 22-ին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել Մերենդ քաղաքից համապատասխանաբար 26 կմ հարավ և 34 կմ հարավ-արևմուտք: Սեպտեմբերի 24-ին Գերմի քաղաքից 18 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն էր 4 բալ: Սեպտեմբերի 20-ին և 22-ին 3 և 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել Թուրքիայի Դողուբայազեթ քաղաքից 13 կմ հարավ և Ալաշկերտ քաղաքից 36 կմ հյուսիս-արևմուտք: Սեպտեմբերի 21-ին 3 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Ադրբեջանի Եվլախ քաղաքից 12 կմ դեպի հարավ և Շամխոր քաղաքից 20 կմ դեպի հարավ: Նույն օրը Ռուսաստան–Ադրբեջան–Վրաստան սահմանային գոտում 4-5 բալանոց ստորգետնյա ցնցում է գրանցվել Լագոդեխի (Վրաստան) քաղաքից 21 կմ դեպի հյուսիս-արևելք:
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երեք երկրաշարժ: Սեպտեմբերի 21-ին 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆլորես ծովում` Ինդոնեզիայի Նգիլաթ քաղաքից 119 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Սեպտեմբերի 24-ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պակիստանի Ավարան քաղաքից 63 կմ դեպի հյուսիս-արևելք, որին հետևել է 5.0 և ավելի մագնիտուդով 5 հետցնցում: Երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 350 մարդ, վիրավորվել 500 մարդ, վնասվել ավելի քան 20 հազար տուն: Երկրաշարժից հետո Արաբական ծովում` Պակիստանի Բելուջիստան նահանգի Գվադար քաղաքից ոչ շատ հեռու փոքրիկ կղզի է առաջացել, որն ունի 200 մ երկարություն, 100 մ լայնություն և 20 մ բարձրություն: Հաջորդ օրը Պերուի ափամերձ տարածքում` Աքարի քաղաքից 50 կմ դեպի հարավ գրանցված երկրաշարժն ունեցել է 7.0 մագնիտուդ: Նախնական տվյալներով վիրավորվել է 6 մարդ, կան ավերածություններ: Երկրաշարժը զգացվել է մայրաքաղաք Լիմայում, որը էպիկենտրոնից գտնվում է 313 կմ հեռավորության վրա:
Տեղեկացնում են “ՍՊԾ” գործակալությունից։




Լրահոս