Beeline-ի աջակցությամբ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը համերգներով հանդես կգա Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ի աջակցությամբ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների` Խաչատուրյանի անվան եռյակի երաժիշտները համերգներով հանդես կգան Արցախում: Հունիսի 16-ին տեղի կունենա եռյակի համերգը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում, իսկ հունիսի 17-ին` Շուշիի Կերպարվեստի Պետական Թանգարանում:

Համերգների ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորներ Ա. Խաչատրյանի, Ս. Նաղդյանի, Ա. Այվազյանի, Է. Բաղդասարյանի ստեղծագործությունները: Եռյակի երաժիշտները նաև կանցկացնեն դասընթացներ Ստեփանակերտի և Շուշիի երաժշտական դպրոցների աշակերտների համար:

«Beeline-ի և «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի համագործակցությունը շարունակվում է` նպաստելով այս ուղղության զարգացմանը և տարածմանը երիտասարդության շրջանում: Ուրախ եմ, որ առաջիկա համերգների շնորհիվ այս տաղանդավոր երիտասարդները ևս հնարավորություն կունենան վայելելու դասական երաժշտության ստեղծագործությունները և նոր գիտելիքներ ձեռք բերելու», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք, որ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական և բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից  ի վեր։ 2014-2015թթ. ընթացքում համագործակցության շրջանակում իրականացվել է 70 համերգ և 25 վարպետության դաս՝ ուղված դասական երաժշտության տարածմանն  ինչպես  Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Եռյակի համերգներին այցելել են ավելի քան 15.000 հանդիսատես, իսկ վարպետության դասերին՝ երաժշտական դպրոցների և բուհերի 150-ից ավել աշակերտ և ուսանող։

Խաչատուրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999 թ-ին որպես «Արսիկա»: Մասնակցել է Լոզանում «Schubertiade», Կոստա-Ռիկայում «Festival de las Artes», Մեքսիկայում «Festival International Cervantino» փառատոներին: 2015 թ.-ի ընթացքում տվել են շուրջ 70 համերգ Հայաստանում  և արտասահմանում` Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Ռուսաստանում: 2006 թ-ից եռյակը հանդես է գալիս հետևյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ:




Լրահոս