Արագածոտնի մարզում դժգոհության նոր ալիք է հասունանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզում դժգոհության նոր ալիք է հասունանում: Բանն այն է, որ ՀՀ կառավարությունը քննարկում է Հայաստանի չորս մարզերում համայնքների խոշորացման 13 պիլոտային ծրագրեր՝ Արագածոտնի մարզի Ալագյազ, Ծաղկահովիտ, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Սարապատ, Արփի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Գորայք, Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ համայնքային փնջերում: Ըստ այդմ, յուրաքանչյուր փնջում պետք է միավորվեն 4-15 գյուղեր, ընդհանուր թվով՝ 116 համայնքներ: Այսինքն՝ 116 գյուղերը միավորվելու են տասներեքի մեջ:

Մինչ գործադիրը քննարկում է Արագածոտնի, Շիրակի եւ Վայոց ձորի մարզերում համայնքների խոշորացման ծրագիրը, այս ընթացքում նշված թեմայի շուրջ Արագածոտնի մարզում լուրջ խմորումներ են տեղի ունենում: Նշենք, որ Արագածոտնի մարզում կա մոտ 20 եզդիաբնակ գյուղ:

Համայնքների խոշորացման թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի հետ: «Ես դեմ չեմ կառավորության այս որոշմանը, ավելին՝ այն ողջունում եմ: Քանի որ ոչ միայն եզդիաբնակ, այլեւ հայաբնակ գյուղեր կան, որտեղ այժմ երեք-չորս ընտանիք է ապրում: Համաձայնեք, որ անիմաստ է այս գյուղերում գյուղապետեր պահել: Բայց ես այս ծրագրին համաձայն եմ միայն մեկ պայմանով, այն է՝ եզդիաբնակ գյուղերը չմիանան հայկականներին, միայն եզդիականներին: Քանի որ մենք ունենք մեր կենցաղը, ավանդույթները, սովորույթները, ազգային տոները, նիստուկացը: Թող մերն առանձին լինի»,- իր պայմանները թելադրեց Թամոյանը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ Ազիզ Թամոյանն իր եւ Արագածոտնի մարզի մյուս եզդի բնակիչների անունից խոսել է մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ եւ խնդրել կառավարությունում իրենց պայմանն անպայման առաջ քաշել: «Մենք հայերին սիրում ենք, հարգում, բայց մեր ավանդույթները պետք է պաշտպանվեն: Հայերը մեզ չեն խանգարում տոնել մեր ազգային տոները, բայց եթե մենք առանձին լինենք, ավելի լավ կլինի մեզ համար: Մենք ունենք արեւի, հրեշտակների, հին նոր տարու տոն: Եթե մենք, որ առանձին լինենք, ապա առանձին կտոնենք»,- ներկայացրեց Թամոյանը: Բացի այս՝ մեր զրուցակիցը իր մտահոգությունները հայտնեց այն մասին, որ դեռեւս հայտնի չէ, չի քննարկվել նաեւ եզդիական գյուղերում դպրոցների հարցը. «Դրանք կփակվեն, կամ միավորվելուց հետո աշակերտները որտեղ կդասավանդեն, դեռեւս հայտնի չէ: Կարճ ասած՝ կարեւոր հարցերը մնացել են օդում կախված: Չէ որ մեր եզդիաբնակ գյուղերի դպրոցներում դասավանդվում է նաեւ եզդիերեն լեզուն, գրականությունը»:

«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Արագածոտնի մարզի Ռյա թազայի գյուղապետ Ահմադ Բրոյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտարարեց, որ համայնքների խոշորացումը միավորվող գյուղերում բազմաթիվ բացասական հետեւանքներ կունենա: «Ես օրեր առաջ եղել եմ Լոռու մարզի այն գյուղերում, որոնք խոշորացվել են. մարդիկ հիասթափված էին, որովհետեւ շուրջ կես տարի է անցել, բայց ոչինչ չի արվել իրենց գյուղերի համար: Կառավարությունը նրանց միայն խոստանում է, ուրիշ ոչինչ: Մեր գյուղի բնակիչները միանշանակ չեն ցանկանում համայնքների խոշորացում: Մենք ծովի մակարդակից 2100-2200 բարձր ենք, էդ քաղաքում ապրողները որոշումներ են կայացնում, թե Եվրոպայում խոշորացման արդյունքում փողի տնտեսում կարող է լինել եւ այլն: Բայց Եվրոպան մնում է Եվրոպա, իսկ Արագածի տարածաշրջանը 8 ամիս ձյան տակ է մնում: Պետք է դա հաշվի առնել, իսկ եթե դա հաշվի չառնեն, ապա գյուղերը կդատարկվեն»,- վրդովված նկատեց Ռյա թազայի գյուղապետ Բրոյանը:
Վերջինս նույնպես պնդում է, որ եզդիական գյուղերի խոշորացման արդյունքում միանան միայն եզդիական գյուղերին:

Համայնքների խոշորացման վերաբերյալ ՀՀ կառավարություն ներկայացված նախագծով նախատեսվում է Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի հետ միավորվել 10 գյուղեր, որոնք են՝ Ավշեն, Կանիաշիր, Ճարճակիս, Մելիքգյուղ, Միջնատան, Միրաք, Շենկանի, Զամշլու, Ռյա թազա, Սիփան: Նշենք, որ սրանցից հայաբնակ Է միայն Մելիքգյուղը, մյուսները հիմնականում եզդիաբնակ են:

Նշենք, որ հիմնական դժգոհությունը հասունանում է հենց հայաբնակ Մելիքգյուղում, քանի որ գյուղի բնակիչները չեն ցանկանում միավորվել եզդիական գյուղերին: Ըստ Մելիքգյուղի գյուղապետ Հակոբ Մկրտչյանի՝ տարիներ առաջ իրենց գյուղի եւ հարեւան եզդիական գյուղերի երիտասարդների միջեւ տարաձայնություններ են եղել՝ սահմանների հետ կապված: «Միակ խնդիրն այն է, որ մեր գյուղը միացնում են եզդիական գյուղերի հետ: Մինչդեռ մենք պետք է չեզոք լինեինք:

Մեզ նախապես գործող կառավարությունը դա էր խոստացել: Այս թեմայի շուրջ մեր գյուղի բնակիչների մտահոգությունը, բողոքը ներկայացրել եմ ե՛ւ մարզպետ Գաբրիել Գյոզալյանին, ե՛ւ տարածքային կառավարման, ե՛ւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, ե՛ւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Այս պահին Մելիքգյուղի հարցը մնացել է օդում կախված: Եթե կառավարությունը որոշի ու հաստատի այս ծրագիրը, Մելիքգյուղը եզդիական գյուղերին միացնելու հարցը, ապա մեր գյուղում բողոքի մեծ ալիք կբարձրանա, նրանք նույնիսկ պատրաստ են ճանապարհ փակել»,- ներկայացրեց Մկրտչյանը:

Մարզում ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նաեւ մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ, սակայն պարզվեց, որ վերջինս չի պահպանում վարվեցողության տարրական կանոնները. «Ժողովուրդ»-ը նրան դուք-ով էր դիմում, իսկ նա դու-ով.«Մի քիչ ուշ զանգի, ես հեռախոսով խոսում եմ»:

Հ. Գ. Ի դեպ, այս ընթացքում տեսակետ է շրջանառվում այն մասին, որ Արագածոտնի մարզում խոշորացման միջոցով փորձում են լուծել նաեւ Մելիքգյուղի Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բնակչության բողոքը չեզոքացնելու խնդիրը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս