Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այցի շրջանակներում ծանոթացել է Սյունիքի հանքարդյունաբերական և էներգետիկ խոշոր արտադրական ընկերությունների կողքին իրենց զարգացման ծրագրերն իրագործող փոքր ու միջին ձեռնարկությունների աշխատանքին, ներդրումային ծրագրերին և հեռանկարին: Նախագահը, մասնավորապես, այցելել է Սիսիանի “Ավալ Թրեիդ” ընկերության տրիկոտաժի արտադրամաս, որը հիմնվել է 2012թ. դեկտեմբերին և ընթացիկ տարվա ապրիլից իրականացնում է տրիկոտաժի արտադրություն: Նախագահին ներկայացվել է, որ չորս ամսվա ընթացքում ընկերությունը կատարել է 30.0 մլն դրամի ներդրում, ներառյալ՝ ժամանակակից մեքենասարքավորումների ներմուծումը: Ընկերությունում աշխատում է 90 մարդ` 70-80 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: 2013թ. ապրիլ-օգոստոս ամիսների դրությամբ, ըստ ընկերության պատասխանատուների, թողարկվել է մոտ 70.7 մլն դրամի արտադրանք, որն ամբողջությամբ արտահանվել է ՌԴ: Ընկերությունը նախատեսում է առաջիկայում ընդլայնել արտահանման շուկան՝ ավելացնելով արտադրական հզորությունները, որը հնարավորություն կտա աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 120-ի:
Գորիս քաղաքում Նախագահն այցելել է “Գորիս Գամմա” ընկերություն, որն այժմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերության հետ համատեղ իրականացնում է միջազգային պահանջներին համապատասխան ժամանակակից հաստոցների արտադրության նոր ծրագիր: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ արդեն ավարտվել են բանակցությունները գերմանական մատակարար կազմակերպության հետ, այժմ բանակցություններ են ընթանում հնարավոր պատվիրատու կազմակերպությունների հետ` պահանջարկի և տեսականու ճշտման նպատակով:
Նշվել է, որ ծրագրի հաջող իրականացման դեպքում Հայաստանում կարտադրվեն թվածրագրային ղեկավարման գերճշգրիտ խառատային և ֆրեզերային հաստոցներ, որոնք համապատասխանում են եվրոպական ստանդարտներին: Ծրագրի 1-ին փուլի ներդրումները կազմել են 1.0 մլն ԱՄՆ դոլար: Համապատասխան պահանջարկի դեպքում, արտադրական ծավալների ընդլայնմանը զու¬գահեռ, աշխատատեղերի քանակը հնարավոր է հասցնել մինչև 130-ի:
“Գորիսի Գամմա” ձեռնարկությունը հիմնադրվել է դեռևս 1979թ. և մասնագիտացված էր նախկին ԽՍՀՄ պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական համալիրի համար հատուկ տեխնիկայի արտադրության բնագավառում։ 1996թ. ձեռնարկությունը վերակազմավորվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի 20% պետական բաժնեմասը անհատույց սեփականաշնորհվել է աշխատավորական կոլեկտիվին, իսկ 80%-ը՝ 2001թ. մասնավորեցվել է: Ներկայում ընկերությունում գործում են մեխանիկական, հատուկ տեխնիկայի հավաքման, էլեկտրաշարժիչների հավաքման, օպտիկական արտադրամասերը և փոր¬ձարկումների լաբորատորիան։ Ընկերության արտադրանքի իրացման հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է, պատասխանատուների հավաստմամբ, պատվերներ կան նաև Կանադայից: 2013թ. հունվար-օգոստոս ամիսներին ընկերությունը թողարկել է 238.0 մլն դրամի արտադրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրելով 23%-ի աճ: Նշվել է, որ բացի սերիական արտադրանքից, ընկերությունը կատարում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատվերները` վերջինիս համար պատրաստելով գործիքներ և սարքավորումներ:
Աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը եղել է նաև Քաջարան քաղաքում: Նա նախ այցելել է զոհված ազատամարտիկների հուշահամալիր, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար զոհված հայորդիների հիշատակին:
Այնուհետև Հանրապետության Նախագահը Քաջարանի կենտրոնական հրապարակում մասնակցել է քաղաքի 55-ամյակին նվիրված միջոցառումներին, որի շրջանակներում պետական պարգևներ և շնորհակալագրեր է հանձնել տարբեր ոլորտներում իրենց հայրենանվեր գործունեությամբ աչքի ընկած մի խումբ անձանց. “Քաջարանի բժշկական կենտրոն” ՓԲԸ-ի պոլիկլինիկայի բաժնի վարիչ Հրաչյա Թադևոսյանը ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով, “Ռիվս” գիտաարտադրական միավորման գործադիր տնօրեն Միխաիլ Առուստամյանը (ՌԴ)՝ Անանիա Շիրակացու մեդալով: Երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով են պարգևատրվել “Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն” ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ Սարո Հայրապետյանը, “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ-ի հանքաքարի ջարդման տեղափոխման արտադրամասի էլեկտրագազաեռակցող Զախար Միրզոյանը: Քաջարանում Հանրապետության Նախագահին հանձնել են համայնքի ավագանու որոշմամբ սահմանված “Արցախյան ազատամարտ” առաջին հուշամեդալը:
Նախագահը շնորհավորել է քաղաքի տոնի, ինչպես նաև պարգևատրման կապակցությամբ, շնորհակալություն հայտնել քաջարանցիներին՝ քաղաքի զարգացման գործում իրենց ամենօրյա ջանքերի ու նվիրումի համար, մաղթել հաջողություններ և վստահեցրել, որ տարեցտարի ինչպես Քաջարանը, այնպես էլ մեր հանրապետության այլ բնակավայրերն ավելի բարեկեցիկ և զարգացած են լինելու: Հանրապետության Նախագահը կոչ է արել տոնակատարության մասնակիցներին ինչպես իրենց քաղաքի, այնպես էլ մեր հանրապետության ապագային նայել լավատեսությամբ ու հավատով:
Տոնակատարության ավարտին Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի երկարամյա նախկին տնօրեն, լեռնահանքային արդյունաբերության հմուտ կազմակերպիչ Ֆրունզե Պետրոսյանի հուշարձանի բացմանը:
Նախագահի աշխատանքային այցը Սյունիքի մարզում շարունակվում է: Այսօր Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև Քաջարանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, Կապանում կայցելի Գարեգին Նժդեհի անվան հրապարակ, որտեղ կծանոթանա հրապարակի արդիականացման ծրագրի իրագործման, իսկ Կապանի թիվ 2 ավագ դպրոցում՝ ուսումնական այդ հաստատության շինարարական աշխատանքների ընթացքին: Մարզի Սյունիք համայնքում Հանրապետության ղեկավարը կայցելի մանր եղջերավոր անասունների մորթման և վերամշակման նորակառույց արտադրամաս ևս: