Պարզաբանում սահմանային հսկողության վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ “Իրազեկ և պաշտպանված սպառող” ՀԿ նախագահի կողմից հնչեցված որոշ մտքերն ու դատողություններն իրականությանը չեն համապատասխանում և լոկ երևակայության արդյունք են։
Նախ ՀԿ նախագահի կողմից գործածված “տեխնիկական լոլիկ” եզրույթը՝ որպես հասկացություն, սահմանված չէ ՀՀ օրենսդրությամբ, և դրա դիտարկումը որպես անվտանգության չափորոշիչ խոսում է հեղինակի՝ ոլորտից թերի տեղեկացված լինելու մասին:
ՀԿ նախագահը խոսել է նաև ինչ-որ իրավական ակտի մշակման և Ծառայության կողմից չընդունման մասին։ Հիշեցնենք, որ իրավական ակտի նախագծի մշակման և ընդունման կարգը սահմանված է “Իրավական ակտերի մասին” ՀՀ օրենքով, համաձայն որի իրավաբանական անձինք իրենց նախաձեռնությամբ իրավունք ունեն մշակել և համապատասխան իրավաստեղծ մարմիններին ներկայացնել միայն նորմատիվ իրավական ակտերի նախագծեր: ՀԿ նախագահը չի հստակեցրել, թե ինչպիսի նորմատիվ իրավական ակտի մասին է խոսքը և երբ է այդ նախագիծը ներկայացրել Ծառայությանը: Իրականում, ՀԿ նախագահի կողմից որևէ իրավական ակտի նախագծի վերաբերյալ որևէ գրավոր առաջարկություն Ծառայությունը չի ստացել։
Ինչ վերաբերում է Թուրքիայից կեղծված փաստաթղթերով սննդամթերք ներմուծելու մասին հայտարարությանը, ապա, հնարավոր է, խոսքը մաքսանենգ ճանապարհով կամ նախկին օրենսդրությամբ չարգելված կերպով՝ առանց ուղեկցող փաստաթղթերի, ներմուծումների մասին է (դրանք հնարավոր էր իրականացնել երրորդ երկրներում վերափաթեթավորման միջոցով), որից կարելի է եզրակացնել, որ ժամանակավոր արգելքը՝ որպես վերահսկողության գործիք, անարդյունավետ էր:
Հաշվի առնելով համաշխարհային փորձը` Հայաստանի Հանրապետությունում և մասնավորապես՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում, կատարելագործվել է հսկողության և վերահսկողության համակարգը, և այժմ ՀՀ տարածք Ծառայության ոլորտային հսկողության ենթակա բեռները հնարավոր է ներմուծել միայն ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում, սակայն անգամ դրանց առկայությունը երաշխիք չի հանդիսանում բեռն օրինական ճանապարհով անարգել ներկրելու համար: Ծառայությունում ներդրված է ռիսկերի վրա հիմնված սահմանային հսկողության համակարգ (մշակված միջազգային փորձագետների հետ համատեղ), որը հնարավորություն է տալիս գնահատելու ապրանքը՝ ըստ դրա ռիսկի կատեգորիայի, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող փոխադրման պայմանների, ծագման երկրի և այլն: Ռիսկը գնահատող բոլոր գործոնները հաշվի առնելուց հետո է միայն որոշում կայացվում՝ թույլատրել բեռի ներմուծումը, թե՝ ոչ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որպես սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին, իրականացրել և շարունակում է իրականացնել իր առջև դրված նպատակներն ու խնդիրները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնելով հսկողություն և վերահսկողություն ներմուծման, արտադրության և շուկայահանման փուլերում: Ծառայությունը կոչված է իրականացնելու պետական վերահսկողություն սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառները կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման և կատարման նկատմամբ, ինչպես նաև իրազեկելու՝ հանրությանը սպառնացող վտանգի պարագայում:




Լրահոս