ԼԻՍԿԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանին «իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար» շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի կոչում: Հիշեցնենք, որ փաստաբանների խորհուրդը դիմել էր Սերժ Սարգսյանին` Ռուբեն Սահակյանին վաստակավոր իրավաբանի կոչում շնորհելու համար: Այս առիթով «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր ուղղեց Ռ. Սահակյանին:
-Պարո՛ն Սահակյան, ըստ Ձեզ` Դուք արժանի՞ էիք ՀՀ վաստակավոր իրավաբանի կոչմանը: Ձեր ո՞ր արժանիքի համար է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նման կոչում շնորհել:
-Աշխատանքային փորձի համար, ու Փաստաբանների պալատի խորհուրդն էր դիմել հանրապետության նախագահին: Ես 30 տարվա աշխատանքային փորձ ունեմ:
-Տեսակետ կա, որ Ս. Սարգսյանի կողմից Ձեզ նման կոչում շնորհելը կապված է Ձեր վերջին գործի` Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն բանտից հաջողությամբ «ազատագրելու» հետ: Իսկապե՞ս դա փոխհատուցում էր Ձեր կատարած աշխատանքի դիմաց:
-Էդ ասողի մերը… հենց այդպես էլ գրե՛ք: Եթե այդպես լիներ, ես կհրաժարվեի այդ բանից: Դա ինձ վրդովեցնում է, գիտե՞ք, եթե մեկ ուրիշը լիներ կոչում ստացողը, ինչպե՞ս էին մեկնաբանելու: Ինչեր ասես, որ չեն ստեղծում ու տարածում այս հանրապետությունում: Ես շատ արժանիքներ եմ ունեցել, ու հավանաբար դա էլ ազդեց: Շատերը չգիտեն, որ ես գնացել եմ Սումգայիթ: Ես երբեք չեմ խոսել այդ մասին, ու նման շատ տեղեկություններ կան, որ ես երբեք դրանց մասին չեմ խոսել ու չեմ հրապարակել:
-Այսինքն՝ Ս. Սարգսյանը գնահատել է Ձեր արժանիքները, ու դա որեւէ կապ չունի՞ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու ազատման գործի հետ:
-Ո՛չ: Իսկ եթե ես ասեմ, որ գնահատվել եմ Սուրեն Խաչատրյանի գործով, եսիմ ինչ եւ այլն, Դուք կհավատաք շատ հաճույքով, չէ՞: Եվ կհավատան նրանք, ովքեր կուզեն, որ դա այդպես լինի: Եթե ասեմ ոչ, պետք է ասեն՝ սուտ է ասում: Ինձ տասնյակից ավելի մարդիկ են զանգում, ասում են՝ դու ավելիին են արժանի: Ուղղակի փաստաբանները շատ քիչ են գնահատվում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս