«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները հերքում են, թե վերջին շրջանում բազմաթիվ տնտեսվարողներ դադարեցրել են իրենց գործունեությունը։ Նրանք օգտվում են այն հանգամանքից, որ պաշտոնական ամբողջական տվյալներ այդ մասին չկան։
Սակայն ԿԲ-ի հրապարակած տեղեկանքներում կարելի է գտնել ցուցանիշ, որը բավականին մեծ ճշտությամբ ցույց է տալիս գործունեությունը դադարեցրած տնտեսվարողների ընդհանուր թիվը։ Այսպես, ըստ ԿԲ-ի՝ երեկ հրապարակած «Հայաստանի ֆինանսական համակարգը, զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը» զեկույցի, անցած տարվա ընթացքում ՀՀ բանկերի «իրավաբանական անձ-հաճախոոդների քանակը նվազել է 4.1 տոկոսով և կազմել 76.4 հազար»։
Այլ կերպ ասած՝ 2015 թ. բանկերի իրավաբանական անձ հաճախորդների թիվը նվազել է ավելի քան 3100-ով։ Դժվար է պատկերացնել իրավաբանական անձի, որը կարողանա գործունեություն իրականացնել առանց բանկային հաշվի։ Բայց կարող են լինել իրավաբանական անձինք, որոնք դադարեցրել են իրենց գործունեությունը, սակայն դեռ ձևականորեն պահպանում են իրենց հաշիվները բանկերում։ Իսկ սա նշանակում է, որ անցած տարվա ընթացքում գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձանց թիվը ամենաքիչը 3100 է։ Եվ դա լավագույն դեպքում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։