ԶՈՔԱՆՉԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԻ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՎԵՐՋԱԲԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. հունվարի 31-ին Երեւան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի մոտ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով դատական նիստը դրամատիկ հանգուցալուծում ունեցավ: Մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող նախագահի մեկ այլ նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14, «կաֆելչիկներից» Խաչատուր Պողոսյանը՝ 14, Սամվել Հարությունյանը` 12 տարվա ազատազրկման:
Այս մահափորձն իսկապես կարելի է համարել դարի «ամենադրամատիկ» ու միեւնույն ժամանակ շոու հիշեցնող դեպքերից մեկը, քանի որ շատ հարցեր այդպես էլ մնացին անպատասխան. ի վերջո, Պ. Հայրիկյանին քաղաքական դաշտից հեռացնելով՝ ի՞նչ կշահեր էպոսագետ Վ. Սեդրակյանը, եւ, առհասարակ, ի՞նչ տվեց մահափորձ կազմակերպելն այս գործով մեղադրյալներին:
Դատավարության հենց սկզբից ամբաստանյալներ Խ. Պողոսյանն ու Ս. Հարությունյանը հայտարարել էին, որ աղմկահարույց կրակոցը Հայրիկյանի դեմ իրենք էին կատարել` հետագայում Վ. Սեդրակյանին շանտաժի ենթարկելու եւ նրանից գումար շորթելու նպատակով: Ինքը` նախագահի էպոսագետ թեկնածուն էլ իր հերթին հայտարարել էր, որ իր մասով ամբողջ քրեական գործը հիմնված է ամբաստանյալներից Խ. Պողոսյանի զոքանչի` Կարինեի ցուցմունքների վրա: Փաստորեն, զոքանչն իր փեսային փրկելու համար ներկայացրել է իր ենթադրությունները, որի արդյունքում էլ կարվեց այդ ծիծաղելի քրգործը:
Ավելին, այս պատմության մեջ անհասկանալի մնաց մահափորձի ենթարկված Պ. Հայրիկյանի կողմից սլավոնական արտաքինով «քիլլերի» նկարագրության հանգամանքը: Մոտ 8 ամիս շարունակ քննված այս գործի ընթացքում այդպես էլ «սլավոնական արտաքինով» որեւէ դերակատար ի հայտ չեկավ, չպարզվեց, թե իրականում ով եւ ինչու էր մահափորձ պատվիրել: Բայց այս իրողությունը չխանգարեց դատավոր Գագիկ Պողոսյանին, որ վճռի Պ. Հայրիկյանի դեմ մահափորձի կազմակերպման մեջ մեղադրվող Վ. Սեդրակյանին դատապարտել 14, Խ. Պողոսյանին` 14, Ս. Հարությունյանին` 12 տարվա ազատազրկման: Նկատենք, որ մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը դատարանից խնդրել էր Վ. Սեդրակյանին պատժել 12 տարվա ազատազրկմամբ: Բայց դատավորն ավելի խիստ գտնվեց:
Ի վերջո, ո՞րն էր այս գործով մեղադրյալների կոնկրետ հանցանքը, եւ արդյո՞ք նրանք պատրաստվում են «կուլ տալ» դատարանի դաժան որոշումը: Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Խ. Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի հետ: Հիշեցնենք, որ Խաչատուրը դատապարտվեց ՀՀ քր. օր.-ի 305-րդ հոդվածով (պետական, քաղաքական գործչի սպանությունը, որը չի ստացվել): «Այս հոդվածը չի համապատասխանում քրեական գործին, քանի որ բացառապես ոչ մի ապացույց չկա այն մասին, որ Խ. Պողոսյանը ցանկացել է սպանել քաղաքական գործիչ Պ. Հայրիկյանին, եւ այս դատավճիռն ուղղակի ապօրինություն էր ու, առհասարակ, մեր դատական համակարգին պատիվ չբերող վճիռներից մեկն էր, եւ մենք բողոքարկելու ենք այն»,-ասաց պաշտպանը:
Ս. Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանի համար Սամվելի հանցանքը եւս իրավաբանորեն ապացուցված չէ. «Սամվելին մեղադրանք է առաջադրվել նույն 305-րդ հոդվածով` պետական, քաղաքական գործչի սպանությունը, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Մենք բողոքարկելու ենք, որ այս հոդվածները վերաորակվեն, քանի որ նա Պ. Հայրիկյանի դեմ ոչինչ չի ունեցել: Քայլն արվել է ընդամենը Պ. Հայրիկյանին վախեցնելու նպատակով Վ. Սեդրակյանից իրենց չվճարված գումարները վերցնելու համար: Դա ընդամենը եղել է Խաչիկի եւ Սամվելի խոսակցությունը: Ավելին, այս գործով մահվան ելք էլ չի եղել, ուստի պետք է վերաորակում կատարվի ըստ հետեւանքի»:
Իսկ Վ. Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը դեռ չցանկացավ ոչինչ ասել, քանի որ չի ստացել դատավճիռը: Միայն վստահեցրեց, որ վճիռը կբողոքարկեն:
Նկատենք, որ երեկվա հրապարակված դատավճիռն անսպասելի էր շատերի համար: Սոցիալական ցանցերում այս թեման «լրջորեն» քննարկվում էր: Անգամ մեր գործընկերներից «Ուրվագիծ» հաղորդաշարի վարող Պետրոս Ղազարյանը հեռակա այսպիսի խորհուրդ էր տվել էպոսագետին. «Վարդան Սեդրակյանը ոչ թե Սասունցի Դավթի, այլ Սուրիկ Խաչատրյանի պոչը պետք է բռներ»: Համեմատությունը միգուցե առաջին հայացքից ծիծաղելի է թվում, բայց փաստ է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների հետեւանքով սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ այն իրականացնողների արարքը որակվեց որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն, ու մեղավորներն ազատ արձակվեցին: Իսկ Հայրիկյանի ուսը թեթեւ վիրավորվեց, եւ նրա գործով 3 մարդ ստացան ծանրագույն պատիժ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս