ՀՀ­-ն ունի այնպիսի հակաօդային պաշտպանություն, որը չունի ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը. Վաղարշակ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ու Ռուսաստանի ՀՕՊ համակարգերի միավորման համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար գեներալ-­լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը: «Հայ­ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների շնորհիվ մեզ հաջողվեց 1992 թվականին պահպանել այն հակաօդային միջոցները, որոնք ունեինք, դրանք զարգացնել, հասցնել բավական բարձր մակարդակի: Եվ այսօր մենք ունենք այնպիսի հակաօդային պաշտպանություն, որը չունի ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը, նույնիսկ կան միջոցներ, որոնք Թուրքիան չունի: Այս համաձայնագիրը բխում է Հայաստանի շահերից, այն ապահովում է մեր անվտանգությունը, ուժեղացնում է մեր անկախությունը»,­ ասաց Վաղարշակ Հարությունյանը: Անդրադանալով համաձայնագրի վերաբերյալ հնչող քննադատությանը` Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ համաձայնագրում այդ բոլոր մտահոգությունների պատասխանները կան:

«Քննադատելուց առաջ նախ պետք է համաձայնագիրն ամբողջությամբ կարդալ: Քննադատում են, թե հակաօդային գործողությունները համակարգելու է ռուսական կողմը: Այնինչ՝ համաձայնագրում նշված է, որ դա վերաբերում է հայկական և այլ երկրների, ասենք, Բելառուսի, Ղազախստանի հակաօդային համակարգերի միջև կոորդինացմանը»,­ասաց Վաղարշակ Հարությունյանը: Դրանից բացի, ընդդիմախոսները նշում էին, որ եթե Ռուսաստանը մեկ այլ տեղում ռազմական գործողություններ սկսի, ապա նա կարող է ներքաշել հայկական հակաօդային պաշտպանական համակարգը: Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ այս միասնական հակաօդային պաշտպանական համակարգը գործելու է, եթե որևէ երկրի նկատմամբ ռազմական ագրեսիա իրականացվի: «Եթե Ռուսաստանի կամ Հայաստանի ուղղությամբ ռազմական ագրեսիա իրականցվի, այդ դեպքում միասնական համակարգը գործում է: Եթե, ասենք, Ռուսաստանը պատերազմ է սկսում այլ երկրի նկատմամբ, ապա Հայաստանն այստեղ անելիք չունի: Նույն պայմանը Ռուսաստանի դեպքում կգործի, եթե Հայաստանը պատերազմ սկսի»,­ասաց Վաղարշակ Հարությունյանը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ այս փաստաթութղը մեկ օրում Ազգային ժողով չի բերվել: Այն 3 տարի լուրջ բանակցային գործընթաց է անցել: «Հայաստանի և Ռուսաստանի միավորված ՀՕՊ համակարգ ստեղծելու անհրաժեշտություն է առաջացել, որովհետև գոյություն ունեն խնդիրներ, որոնք պետք է լուծվեն միասնաբար: Եվ ահա բանակցությունների արդյունքում էլ կա այս համաձայնագիրը: Այն ստորագրվել է մինչև ապրիլյան իրադարձությունները, հիմնական նպատակն է, որ համատեղ գործողություններով կարողանանք համարժեք պատասխան տալ բոլոր այն սպառնալիքներին, որոնք կարող են լինել Հայաստանի ու Ռուսաստանի օդային տարածքում»,­ասաց Արտակ Զաքարյանը: Թե ինչու համաձայնագրի վավերացման հարցը չի մտել Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ, Արտակ Զաքարյանը նշեց, որ աստեղ որևէ խնդիր չկա, պարզապես կառավարությունը չի ներկայացրել: Ըստ Արտակ Զաքարյանի՝ մտահոգվելու խնդրի չկա, անվտանգության խնդիրները միշտ եղել են Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում:




Լրահոս