Դեռեւս մայիս ամսին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մռավյան (Սեւ հողերի) փողոցի բնակիչներն ահազանգել են խմբագրություն եւ դժգոհել, որ իրենց փողոցի ասֆալտը քանդել են ու ավելի քան երեք տարի է` չեն վերականգնում: Մարդիկ ոտքերին պոլիէթիլենային տոպրակ են հագնում, որ քայլեն: Դպրոց կամ մթերային խանութ գնալու համար բնակիչները ստիպված են լինում կա՛մ մեքենայով գնալ, կա՛մ էլ ամբողջովին կեղտոտվել: Նշենք, որ Մռավյան փողոցում ապրում է ավելի քան 70 ընտանիք:
«Ժողովուրդ»-ի այս հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում պաշտոնական անփութության փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն:
Ըստ մեզ ուղարկված գրության, պարզվել է, որ Սեւանա լճի բնապահպանական ծրագրի շրջանակներում պատվիրատու «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի եւ կապալառու «Գրիար» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ իրականացվել են Վարդենիսի կոյուղու համակարգի վերակառուցման շինարարական աշխատանքներ, որոնք ներառել են նաեւ քաղաքի Մռավյան փողոցի կոյուղու ցանցի տեղադրման աշխատանքները: Համաձայն փաստաթղթերի՝ իրականացվել են 626 գծամետր կոյուղու ցանցի տեղադրման աշխատանքներ: Նախատեսված է եղել խրամուղու լայնությամբ իրականացնել ասֆալտապատում, որի ընթացքում, սակայն, Վարդենիսի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից դրսեւորվել է պաշտոնական անփութություն: Ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով նրանք չեն կատարել իրենց պարտականությունները. այսինքն՝ համայնքի սեփականություն հանդիսացող Մռավյան փողոցի ասֆալտապատման աշխատանքների կատարմանը նպաստելու եւ փողոցի բնակիչների համար առաջացած անհարմարավետությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնելուն աջակցելու փոխարեն 14.07.2010թ. թիվ 435 գրությամբ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին առաջարկություն է ներկայացվել նույն մակերեսով ասֆալտապատում կատարել համայնքի սեփականություն չհանդիսացող՝ Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում:
Իսկ հետագայում հանձնման-ընդունման ակտով Վարդենիսի քաղաքապետարանն ընդունել է կատարված աշխատանքները, մինչդեռ դրա արդյունքում անզգուշությամբ էական վնաս է պատճառվել համայնքի, մասնավորապես Մռավյան փողոցի բնակիչներին, ստեղծվել է անհարմարավետություն՝ կապված փողոցում ջրափոսերի եւ ցեխաջրերի առաջացման հետ:
Ի դեպ, ասֆալտապատման համար հատկացվել եւ ծախսվել է շուրջ 52.5 միլիոն ՀՀ դրամ, այն էլ՝ ծախսվել է համայնքի սեփականություն չհանդիսացող Չարենցի փողոցի ասֆալտապատման համար:
«Ժողովուրդ»-ն այս հարցի շուրջ փորձեց զրուցել Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի հետ, սակայն կա՛մ վերջինիս հեռախոսը ողջ օրն անհասանելի էր, կա՛մ էլ նա չէր պատասխանում մեր զանգերին: Խնդրի պարզաբանման ակնկալիքով դիմեցինք նաեւ «Գրիառ» ՍՊԸ-ի արտադրատեխնիկական բաժնի պետ Ելենա Կիրակոսյանին, որն ասաց. «Մենք ներգրավված չենք այստեղ, մեզ ուղղակի հանձնարարված է եղել գործ, համաձայնեցվել է քաղաքապետարանի հետ, ու գործն արվել է բոլոր օրենքների սահմաններում: Ոչ մի խախտում չկա, ու բոլոր փաստաթղթերն այդ մասին վկայում են: Բացի այդ, դա հսկվել է գերմանական «Ֆիխտներ» ընկերության կողմից, որը գերմանական կազմակերպություն է: Ինքներդ եք հասկանում, որ գերմանացիները մի քիչ աջ ու ձախ չունեն: Հաստատ այս պարագայում քաղաքապետարանը ոչ մի խախտում չի արել»:
Քաղաքապետի աշխատակազմի ղեկավար Սահակ Ստեփանյանի ներկայացմամբ՝ Չարենցի փողոցի ասֆալտապատումն այդ շրջանում հրատապ էր, եւ այն բնակիչների խնդրանքով է եղել: «Չարենցի փողոցը տանում է դեպի գերեզմանոց եւ քաղաքապետարանից 100 մետր է հեռու: Պետք է հանգուցյալներին հանգիստ ճանապարհով հասցնենք գերեզմանոց: Նշեմ, որ այդ աշխատանքները վերահսկվել են քաղաքապետարանի կողմից: Իսկ տեխնիկական հսկողությունն իրականացվել է հատուկ լիցենզավորված կազմակերպության կողմից»,-նշեց նա՝ հրաժարվելով մանրամասնել, թե որ ընկերությունն է հսկողություն իրականացրել: Իսկ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի իրավաբան Մանյա Գալուստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ ծանոթ չէ քրեական գործին եւ ծանոթանալուց անմիջապես հետո կպարզաբանի:
Այսպիսով՝ ակնհայտ է դառնում, որ այս պատմության մեջ ամենաառաջնային մեղավորը Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանն է, որի, մեղմ ասած, ոչ արդյունավետ գործունեության արդյունքում էլ Մռավյան փողոցի բնակիչներն այսքան ժամանակ զրկանքներ են կրում: Մնում է հուսալ, որ ոչ միայն Խլոյանը, այլեւ մյուս մեղավորները պատասխանատվության կենթարկվեն քաղաքացիներին վնաս պատճառելու համար:
ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՆՓՈՒՅԹ Է ԵՎ ՎՆԱՍԱՏՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ