ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՍԿԻ, ԱՐԾԱԹ ԵՎ ԵՐԿՈՒ ԲՐՈՆԶ
Սեպտեմբերի 22-ին Լոնդոնի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, ով հանդես է գալիս 74 կգ քաշային կարգում, բրոնզե մեդալ նվաճեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում՝ երրորդ տեղի համար գոտեմարտում պարտության մատնելով դանիացի Մարկ Մադսենին:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում նա պարտվել էր ռուս Ռոման Վլասովին՝ չկարողանալով ռեւանշի հասնել Լոնդոնի օլիմպիական խաղերի եզրափակչում կրած պարտության դիմաց: Սա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր Բուդապեշտում: Ավելի վաղ 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դարձել էր աշխարհի փոխչեմպիոն, իսկ 55 կգ քաշային Ռոման Ամոյանն արժանացել էր բրոնզե մեդալի: Ընդ որում, ինչպես նշել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի վեցակի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը, Ա. Ալեքսանյանը կարող էր նվաճել ոսկե մեդալ, բայց դրան խանգարել են ըմբշամարտի նոր կանոնները: Բանն այն է, որ, ըստ նոր կանոնների, առավելությունը տրվում է հնարք կատարող ըմբիշին, իսկ Արթուրը երկու անգամ միավոր վաստակեց մրցակցին գորգից դուրս հրելու արդյունքում: Ինչ վերաբերում է նկատողություններին, այստեղ, կարծես, մրցավարը ռուս ըմբիշի կողմից էր եւ կողմնակալ գնահատական տվեց այդ դրվագին:
Իսկ մինչ այդ ազատ ոճայինների պայքարում ոսկե մեդալ էր նվաճել 66 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Սաֆարյանը։

ԱՐԱԶՆ ՈՒ ՅՈՒՐԱՆ ՓՐԿԵՑԻՆ ԿԱՐՊԻՆԻՆ
Մոտենում է հոկտեմբերի 11-ը, երբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պետք է աշխարհի 2014թ. առաջնության B խմբի մրցաշարում անցկացնի նախավերջին հանդիպումը Բուլղարիայի ընտրանու հետ, եւ «Ժողովուրդ»-ը կներկայացնի, թե ինչ մարզավիճակում են հավաքականի լեգեոներ ֆուտբոլիստները։
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լավ հանդես չեկավ Չեմպիոնների լիգայի «Նապոլի»-ի հետ խաղում եւ փոխարինվեց: Ավելին, նա հանդես չեկավ նաեւ Գերմանիայի առաջնության «Նյուրնբերգ»-ի հետ արտագնա խաղում, եւ «Բորուսիա»-ն կորցրեց առաջին երկու միավորը՝ հանդիպումն ավարտելով 1։1 հաշվով։ Ընդ որում, հանուն արդարության պետք է նշել, որ Չեմպիոնների լիգայում ոչ թե Հենրիխի, այլ ընդհանրապես թիմի խաղը չէր ստացվում։
Իսկ ահա Արազ Օզբիլիսը եւ Յուրա Մովսիսյանը լավ հանդես եկան Մոսկվայի «Սպարտակ»-ի կազմում՝ շատ բանով նպաստելով իրենց թիմի՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ տարած խոշոր հաշվով (3։0) հաղթանակի կայացմանը։ Ընդ որում, Արազը խփեց շատ կարեւոր առաջին գնդակը, որը թիմին օգնեց խաղալ ավելի համարձակ ու վստահ: Յուրան նույնպես մեծ ծավալի աշխատանք կատարեց: Ավելորդ չենք համարում հավելել, որ «Սպարտակ»-ի վերջին երկու խաղերում վատ հանդես գալու դեպքում թիմի գլխավոր մարզիչ Կարպինը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլիներ հրաժարական տալ։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս