ArmLur.am-ի զրուցակիցն է ռուս փորձագետ Մոդեստ Կոլերովը:
– Ինչպես հայտնի է` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կկայանա Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպում: Արդյո՞ք սա նշանակում է, որ ռուսական կողմը ցանկանում է ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորումը վերցնել իր ձեռքը:
– Ոչ, քանի որ ոչ մեկ անգամ է Մոսկվայում ասվել և ընդգծվել, որ Ռուսաստանը գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ բացարձակ համաձայնությամբ: Սուտ մեկնաբանությունների համառ արտահոսքն այն մասին, որ Մոսկվան, իբր, ցանկանում է «վերմակն իր վրա քաշել», ադրբեջանական քարոզչության սիրած թեմաներից է, և ոչ ավելին: Դա պետք է շատ լավ հասկանալ:
– Օրեր առաջ ՌԴ ԱԳՆ-ում տեղեկություն տարածվեց եռակողմ հանդիպման մասին, սակայն տեղեկությունն ավելի ուշ ջնջվեց: Ըստ Ձեզ, ինչո՞ւ այն հեռացվեց, արդյո՞ք համաձայնեցված տեղեկություն չէր:
– Դա փոքրիկ իրադարձություն է, որը ցույց է տալիս ՌԴ ԱԳՆ-ի առանձին ստորաբաժանումների աշխատանքի որակը: Եվ այստեղ նույնպես պետք է հասկանալ, որ ՌԴ ԱԳՆ-ն չի վարում և չի կարող վարել սեփական քաղաքականություն:
– Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Գարեգին Նժդեհի արձանի շուրջ ստեղծված աղմուկը:
– Շատ մեծ իրարանցում ես չեմ տեսնում: Ռուսաստանի դիրքորոշումը և կոնսենսուսը նացիստական համագործակիցների հետ վաղուց հայտնի է և չեմ հասկանում, թե դա ինչու է Հայաստանում զարմացնում որևէ մեկին: Կարմիր բանակում հարյուր հազարավոր հայեր կյանքը տվեցին Հիտլերի դեմ պայքարում, իսկ հայերի թիվը, ովքեր անհանգստացած են Հիտլերին՝ Նժդեհի աջակցությամբ, չնչին է:
– Իսկ այս փոխադարձ մեղադրանքներն ինչպե՞ս են ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա:
– Ոչ մի կերպ չի ազդում: Այդ հարաբերությունների վրա դեռևս ամենից շատ ազդում են Ռոգոզինի և Մեդվեդևի` Ադրբեջանին սպառազինության մատակարարման մասին հայտարարությունները:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը