ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոցից «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությանն իր աղոթքով մի նամակ է ուղարկել կալանավոր Գագիկ Գեղամյանը՝ ներկայացնելով իր կողմից կառուցված մատուռի նախապատմությունը: Նշենք, որ Գ. Գեղամյանը վթարի հետեւանքով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:
«Աղն աշխարհի պակասել է, մարդը մանկուրտ է դարձել,
Խիղճ ու հավատ մոլորվել են, թե ինչու են մոռացվել,
Բայց դեռ Աստված հանդուրժում է սիրված որդու արյունով,
Ի՞նչ կլինի մարդուս վերջը, երբ գա նեռը չար ոգով»:
Այս տողերի հեղինակի՝ Նորք-Մարաշի բնակիչ, կալանավոր Գեղամյան Գագիկի ձեռքի շնորհքով վերջերս «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոցի կալանավորների համար նախատեսված զբոսանքի վայրում՝ տուֆակերտ պատին, փորագրվել ու քանդակվել է փոքրիկ մի մատուռ, որն օրհնվել է տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի աղոթքով:
Մատուռն իր հոգեւոր ուժով դեպի իրեն է ձգում կալանավորներին, որոնք ամեն օր՝ զբոսանքի ժամանակ, մոմ են վառում, խունկ ծխում ու աղոթում առ Աստված: Կալանավորները շնորհակալություն են հայտնում կառուցողին՝ նշելով, որ քարին փորագրված Հիսուս, հույս, հավատ, սեր բառերն ամեն անգամ կարդալիս մխիթարվում ու մեծ հավատով են լցվում դեպի ապագան:
«Եվ այդպես էլ հիրավի…
Եթե հավատ չլինի Ձեր սրտերում բարետես,
Չեն կատարվի իղձերը Ձեր երբեւէ կյանքում հեռատես,
Եվ ինչ խոսնակ Ձեր փոխարեն հանդես գա,
Միայն Աստծուն սրտով սիրի հավատա»: