Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է «Պանամական դոսյեն» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայազգի հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը ռուսական «ՌԲԿ» հեռուստաալիքի հարցազրույցում մեկնաբանել է «Պանամական դոսյեն»:

Գործարարն ասել է, որ շարունակում է հպարտանալ «ԿամԱզ»-ի և «ԱվտոՎԱԶ»-ի հետ գործարքներով: Նա հիշեցրել է, որ 90-ականներին այդ երկու ձեռնարկությունները գտնվում էին սնանկացման եզրին:

«Մենք բացարձակ թափանցիկ էինք գործում, և այդ աղմուկն առաջացավ որոշ փաստաթղթերի մեկնաբանության հետևանքով, որոնք, ի դեպ, ստացվել են անօրինական ճանապարհով»,-նշել է Վարդանյանը:

Մեկնաբանելով օֆշորային ընկերությունների օգտագործման հարցը՝ գործարարն ասել է, որ դա արվել է որոշակի բիզնես գործընթացներում ճկունության ապահովման և արդյունավետության բարձրացման նպատակով:

Նա նաև «եզակի» է անվանել «ԱվտոՎԱԶ»-ի հետ գործարքը: «Պետությունը շահեց, ֆինանսական ներդրողները հաղթեցին, գործարանը ռազմավարական գործընկեր ձեռք բերեց»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին հրապարակված «Պանամական փաստաթղթերում» հիշատակվել է Ռուբեն Վարդանյանին պատկանող «Տրոյկա դիալոգ» ընկերությունը: Հետաքննության մեջ ասվում է, որ 2007թ. ներդրողական ընկերությունը, որն այդ ժամանակ «ԿամԱզ»-ի խոշոր փաթեթի տնօրինող էր, իր իրավունքները փոխանցել է Avtoinvest Ltd. ընկերությանը:




Լրահոս