Ինչպես գրում է «Asbarez»-ը, Համազգային հայ կրթամշակութային միության 85-ամյակի տոնակատարության շրջանակներում միության արեւմտյան շրջանի գործադիր խորհուրդը Հայաստանից Լոս Անջելես է հրավիրել Սոս Սարգսյանի գլխավորած պետական «Համազգային» թատրոնը՝ մասնակցելու հնգօրյա հայկական թատերական փառատոնին: Այն տեղի կունենա Լոս Անջելեսում եւ Գլենդելում` հոկտեմբերի16-20-ին։
Թատերական փառատոնի նպատակն է երեխաների, դեռահասների ու մեծահասակների մեջ սեր սերմանել հայկական թատրոնի նկատմամբ: Բեմադրությունները կլինեն հայերենով եւ կշոշափեն կարեւոր թեմաներ:
Հյուրախաղերի վերաբերյալ մանրամասներ իմանալու համար «Ժողովուրդ»-ը դիմեց «Համազգային» թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին։
-Արդեն որոշվա՞ծ է, թե ինչ ներկայացումներով եք մեկնելու ԱՄՆ։
-Իհարկե որոշված է. «Համազգային» թատրոնը հանդես կգա «SALE-վաճառք», «44 աստիճանի վրա» ներկայացումներով, ինչպես նաեւ մեկ համերգ-ներկայացմամբ։
-Իսկ ովքե՞ր են լինելու համերգի մասնակիցները։
-Դերասաններից ամեն մեկը տարբեր համարներ է ներկայացնելու, այսինքն, մեր սովորական լեզվով ասած, համերգ։ Հանդիսատեսի դատին կհանձնենք նաեւ մեկ մանկական ներկայացում՝ «Անբան Հուռին»։
-Ըստ «Asbarez»-ի՝ 16-հոգանոց կազմ է մեկնելու, ընդ որում, նշված է նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անունը։ Մաեստրոն իսկապե՞ս մեկնելու է ԱՄՆ։ Ինչպե՞ս է նրա առողջական վիճակը։
-Ցավոք սրտի, Սոս Արտաշեսովիչը չի գալիս առողջական խնդիրների պատճառով, բայց կարծում եմ՝ տարբերություն չկա. իր խումբն է գնում։
-Ամենայն հավանականությամբ, ինչ-որ տեսահոլովակով ժողովրդական արտիստի խոսքը կհնչի այնտեղ։
-Այո՛, մենք միշտ հյուրախաղերին անում ենք այդպիսի բան։
-Ի՞նչ ներկայացումով բացեցիք թատերաշրջանը։
-Թատերաշրջանը բացեցինք «SALE-վաճառք» ներկայացումով, որից հետո խաղացինք «Բլեզ»-ը, ապա «44 աստիճանի վրա»-ն…
-Իսկ թատրոնի շենքի հարցը լուծում ստացա՞վ։
-Շենքի հարցը որոշում, լուծում վաղուց է ստացել, բայց, ցավոք սրտի, դեռ հողային աշխատանքները սկսելու հնարավորությունը տրված չէ։ Մենք հիմա սպասում ենք այդ որոշմանը, որ քաղաքապետարանը մեզ տա հողային աշխատանքները սկսելու թույլտվություն, ու դրանից հետո արդեն կարող ենք սկսել շինարարական աշխատանքները։
-Երկու-երեք ամիս առաջ մենք զրուցել էինք, եւ Դուք նույն բանն էիք ասել։ Ստացվում է, որ ոչ մի տեղաշարժ չկա՞։
-Ցավոք սրտի, չկա։
«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ»-Ը ԴԵՌ ՍՊԱՍՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ