ՀԱՐՑ. Իմ մեքենայի ԱՊՊԱ պայմանագրի ժամկետը լրացել է, եւ դեռ չեմ կարողանում ձեռք բերել նորը: Առանց դրա երթեւեկելու դեպքում օրենքով որեւէ պատժամիջոց կամ տուգանք նախատեսվա՞ծ է:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքի՝
• ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը, որի վրա սահմանված տեղում բացակայում է ԱՊՊԱ կտրոնը, վարելու դեպքում սահմանված է տուգանք՝ 10.000 ՀՀ դրամ:
• Մեկ այլ ավտոմեքենայի համար տրված, կեղծված կամ այլեւս չգործող ԱՊՊԱ կտրոնով ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ավտոմեքենա վարելու դեպքում սահմանված է տուգանք՝ 150.000 ՀՀ դրամ:
• Ավտոմեքենայի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի կողմից ԱՊՊԱ կտրոնն այլ անձի հանձնելու դեպքում սահմանված է տուգանք՝ 100.000 ՀՀ դրամ:
• Առանց գործող ԱՊՊԱ կտրոնը ներկայացնելու ավտոմեքենա հաշվառելը կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելը կամ ԱՊՊԱ կտրոն չունեցող ավտոմեքենան վարելու միջոցով ՀՀ տարածք ներմուծումը թույլատրելը, այն դեպքում, եթե ԱՊՊԱ կտրոնի ներկայացումը (ԱՊՊԱ կտրոն ունենալը) ավտոմեքենայի հաշվառման (դրա նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման, տրանսպորտային միջոցը վարելու միջոցով ՀՀ տարածք ներմուծումը թույլատրելու)՝ օրենսդրությամբ նախատեսված պարտադիր պայման է, առաջացնում է տուգանքի նշանակում համապատասխան պաշտոնատար անձի նկատմամբ՝ 500.000 ՀՀ դրամ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում այնպիսի ահռելի գումարների մասին է խոսվում, որ ավելի լավ է դիմողը մի փոքր դժվարությամբ ձեռք բերի ԱՊՊԱ կտրոն, քան ընկնի նման անտրամաբանական տուգանքների ու պատժամիջոցների տակ: