ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Բնակարանի միակ սեփականատերը ամուսինս է, որը ժառանգություն է ստացել իր ծնողներից: Ես եւ երկու երեխաներս գրանցված ենք այդ  բնակարանում, բայց միասին չենք ապրում: Երեխաներս եւ ես իրավունք ունե՞նք այդ բնակարանից մասնաբաժին պահանջել:

Ալիս Բադալյան (36 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «մինչեւ ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաեւ ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է»: Այսինքն՝ Դուք եւ երեխաները Ձեր ամուսնուց-հորից նրա բնակարանից բաժին պահանջելու իրավունք չունեք: Տեղեկացնենք նաեւ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագումը, իրականացման պայմանները եւ դադարումը սահմանվում են սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագրով: Բնակելի տարածության օգտագործման իրավունքը ծագում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով այդ իրավունքի գրանցման պահից»:
Այսինքն՝ եթե ե՛ւ Դուք, ե՛ւ երեխաները, որոնք 18 տարեկանից բարձր են, բնակելի տարածության օգտագործման իրավունքը վերոնշյալ հոդվածով նշված կարգով ժամանակին չեք գրանցել, ապա բնակելի այդ տարածքում բնակվելու իրավունք եւս չունեք:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավալի է, որ վերջին շրջանում ամուսնալուծությունների ու հատկապես բնակարանային վեճերի դեպքեր շատ են գրանցվում: Եվ գաղտնիք չէ, որ նման դեպքերն ավելանում են հիմնականում երկրի սոցիալ-տնտեսական վատ պայմանների պատճառով: Նշենք, որ ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ 2013թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում գրանցված 1000 ամուսնական զույգերի մոտ արձանագրվել է ամուսնալուծության 207 դեպք՝ 2012թ. հունվար-հունիսին արձանագրված 173-ի համեմատ:




Լրահոս