Ազգային ժողովում քիչ առաջ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև ստորագրվեց ԸՕ-ի շուրջ կոնսենսուսի փաստաթուղթ, որին սակայն քաղհասարակությունը չի միացել:
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կարևոր համարեց փոխզիջումների միջոցով առավելագույն լավ լուծումներ գտնելը: Նրա խոսքով, առջևում դեռ շատ անելիքներ կան, իսկ արված փոփոխություններն էլ իրենց համար ընդունելի են:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կարևոր համարեց քննարկումները և վերջնական արդյունքում լուծումներ գտնելը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ընթերցեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նամակը՝ հայտնելով որ չեն ստորագրելու համատեղ հայտարարությունը: «Մենք ի սկզբանե շատ կարևորել ենք քաղաքացիական հասարակության մասնակցությունը այս գործընթացին, կարծում եմ, որ 4+4+4 բանակցությունների հաջող ավարտի համար բավականին մեծ դեր խաղաց քաղաքացիական հասարակությունը: Ուզում եմ հայտնեմ հանրությանը, որ գոյություն ունի արդեն համաձայնեցված տեքստ, որը պատրաստ ենք ստորագրել»,-ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Փաստաթղթի ստորագրմանը կառավարությունից մասնակցում էին աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ու արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, իսկ պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը, Հովհաննես Մարգարյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Արմեն Ռուստամյանը և Հովհաննես Սահակյանը: