Ինչո՞ւ է մարզադպրոցի փոխտնօրենը պատանդ վերցրել մարդկանց, և ո՞ւմ զանգն է փրկել օրինախախտին. մանրամասներ Էջմիածնում տեղի ունեցած արտառոց դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի Պապի այցից առաջ հոգեւոր քաղաքում տոնական կրքերին զուգահեռ  աղմկալի միջադեպ է արձանագրվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Էջմիածին քաղաքապետարանի մարզադպրոցի տնօրեն Վաչե Կամավոսյանի տեղակալ Արամ Բեյբությանը դանակի սպառնալիքով առեւանգել է Էջմիածին-Երեւան «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը եւ ջարդուփշուր արել այն:

Սկզբում զգուշացրեց

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան առ այն, որ հունիսի 15-ին Էջմիածին քաղաքապետարանի մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Բեյբությանը հարբած վիճակում գնացել է Էջմիածին-Երեւան միկրոավտոբուսի վերջնականգառ եւ սպառնացել է վարորդներին, որ դադարեցնեն երթեւեկությունը եւ փակեն «գիծը»: Վարորդները Բեյբությանին հորդորել են հանգստանալ եւ հեռանալ, քանի որ անկախ սպառնալիքներից, իրենք շարունակելու են աշխատանքը: Բեյբությանն ասել է իր ասելիքը, մեքենայով հարվածել է «Գազել» մակնիշի ավտոմեքենաներին եւ  հեռացել: Էջմիածին-Երեւան միկրոավտոբուսի վարորդները շարունակել են իրենց աշխատանքը՝ տուրք չտալով Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի  փոխտնօրեն Արամ Բեյբությանի սպառնալիքներին:

Դանակի սպառնալիքով ահաբեկել է

Ըստ էության, Արամ Բեյբությանին դուր չի եկել այդ փաստը, եւ նա դանակը ձեռքին կանգնել է «Երկրապահ» կամավորականների միության եւ Էջմիածնի քաղաքապետարանի շենքի մոտ՝ կանգնեցնելով քաղաքային տրանսպորտը: ՀՀ ոստիկանության հասարակայության հետ կապի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արամ Բեյբությանը «փողոցում կանգնեցրել է թիվ 3266 L մակնիշի միկրոավտոբուսը եւ դանակը դրել մեքենայի ուղեւորներից մեկի վզին` հորդորելով վարորդին, որ դադարեցնի երթեւեկությունը»:

Այդ ընթացքում երթուղայինում մեծ աղմուկ է բարձրացել, անհանգստացած ուղեւորները փորձել են հանգստացնել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող փոխտնօրեն Բեյբությանին, վարորդը խնդրելով, բղավելով՝ փորձել է հանգստացնել եւ ուղեւորներին հանգիստ թողնել, սակայն Բեյբությանը այն աստիճան անկառավարելի վիճակում է եղել, որ դանակը պահել է նաեւ վարորդի կոկորդին՝ նրան ստիպելով քշել այն ուղղությամբ, որն ինքը կասի:

Ուղեւորները՝ պատանդ

Ռուբեն անունով վարորդը այլ ելք չունենալով՝ մոտ 6 ուղեւորներով միկրոավտոբուսը քշել է այն ուղղությամբ, որ իրենից դանակի սպառնալիքով պահանջել է Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Բեյբությանը: Վախից քարացած ուղեւորները օգնություն են կանչել, բղավել, սակայն նրանց աղերսանքներին որեւէ մեկը չի արձագանքել: Այդպես երթուղային միկրոավտոբուսը, շեղվելով իր ուղուց, մտել է քաղաքապետարանի եւ ԵԿՄ շենքի կողքի ճանապարհով, շարժվել դեպի Արամ Բեյբությանի տան ուղղությամբ (այս ընթացքում ուղեւորներից մեկը հասցրել է զանգահարել ոստիկանություն): Ու երբ աղաղակների «ներքո» Արամ Բեյբությանը միկրոավտոբուսը ստիպել է վարել դեպի իրենց բակ, բացել է դուռը, ինչպես մեծահոգի ահաբեկիչներն են անում, «գերի մնացած» ուղեւորներին առաջարկել է դուրս գալ մեքենայից, ապա իր ձեռքի դանակի բռնակին ամրացված երկաթե սուր ձողիկներով կոտրել է «Գազելի» ապակիները, կողային հայելիները, պատռել անիվներն ու նստարանները: Եւ մինչ ոստիկանների գալը, արդեն «օպերացիան» ավարտված է եղել:

Ինչպես հասան ոստիկանները

Ոստիկանության Էջմիածնի բաժնի աշխատակիցները հեռախոսային ահազանգի հետքերով գնացել են Էջմիածին-Երեւան միկրոավտոբուսի վերջնականգառ, որտեղ ասել են, որ լուրջ բան չկա, առավոտյան է փոքրիկ միջադեպ եղել, սակայն ամեն ինչ հանդարտվել, գնացել է: Ու երբ իրավապահները պնդել են, որ քիչ առաջ են ահազանգ ստացել, Էջմիածին-Երեւան միկրոավտոբուսի դիսպետչերական կետի պատասխանատուն կապ է հաստատել երթուղի դուրս եկած վարորդի հետ, որն էլ ասել է, որ առավոտյան «կռիվ անող Արամիկն է մեքենան տարել իրենց բակ»:

Ահա, այսպես ոստիկանության Էջմիածնի բաժնի աշխատակիցներին հաջողվել է գտնել Էջմիածին-Երեւան միկրոավտոբուսի առեւանգված ուղեւորներին եւ վարորդին, ինչպես նաեւ բերման են ենթարկել քաղաքապետարանի մարզադպրոցի հարբած փոխտնօրենին:

Մեզ հասած տեղեկություններով՝ ուղեւորներից մի քանիսը ոստիկանությունում պատմել են ողջ եղելությունը՝ նկարագրելով, թե ինչպես է մարզադպրոցի փոխտնօրենը մտել երթուղային միկրոավտոբուս, դանակը դրել նրանցից մեկի կոկորդին, հայհոյել եւ սպառնացել է ու հրամայել քշել իր ասած ուղղությամբ: ՀՀ ոստիկանությունը միջադեպի հետագա քննությունը հանձնել է ՀՀ քննչական կոմիտեին: Ջարդված «Գազելն» այս պահին կայանված է Էջմիածնի ոստիկանության բակում:

 Կոմիտեն հանգամանք է պարզում

Իսկ ի՞նչ են արել քննիչները: «Ժողովուրդ»-ը ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից տեղեկացավ, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում, հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաապրանքագիտական եւ քրեագիտական փորձաքննություն: Այսինքն՝ այսքան ակնայտ հանցագործության տարրեր պարունակող գործողությունը որպես ահաբեկչություն, առեւանգում եւ այլն, քննիչները հապաղում են որակել: Իսկ ո՞վ է կաշկանդել քննիչներին:

Փոխտնօրենը՝ միջադեպի մասին

«Ժողովուրդ»-ը Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Բեյբությանից անձամբ տեղեկացավ, որ քննիչները ստորագրությամբ բաց են թողել իրեն:

-Պարո՛ն Բեյբության, միկրոավտոբուսի մեջ գտնվող մարդիկ ահազանգել են «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ պատմել, որ Դուք միկրոավտոբուսը առեւանգել եք, դանակով սպառնացել ուղեւորներին, ջարդուփշուր արել «Գազելը»:

-Եղելությունը իմացել եք, էլ ինձնից ի՞նչ եք ուզում իմանալ:

-Ի՞նչն է եղել Ձեր այդ քայլի պատճառը:

-Դե, հիմա պատճառը իմ անձնականն է, ես հո չե՞մ հրապարակի:

-Խնդիրը գազելների վարորդնե՞րն են, պա՞րտք են Ձեզ, Ձեր բիզնեսի՞ն են հարվածում, թե այլ պրոբլեմ ու հրահանգ ունեք:

-Գազելների վարորդների հետ ընդհանրապես խնդիր չունեմ:

-Ուղեւորներից մեկի հետ խնդիր ունեի՞ք, որ առեւանգեցիք միկրոավտոբուսը:

-Քաղաքացիներին չեմ առեւանգել, քաղաքացիներին ասել եմ՝ ավտոբուսից իջեք:

-Բա ինչո՞ւ եք արել:

-Դե հիմա:

-Ինչպե՞ս եղավ, որ Ձեզ ազատ արձակեցին, համապատասխան զա՞նգ եղավ, թե այլ բան կա, ի վերջո, մարդկանց եք առեւանգել, դանակով սպառնացել,  միկրոավտոբուսն ամբողջությամբ ջարդուփշուր արել:

-Ես մարդկանց չեմ առեւանգել, ինձ էլ ստորագրությամբ են ազատ արձակել, էլ չեմ ուզում խոսել:

 Անարդարության հերթական դրսեւորումը 

Ահա այսպես, պետք է արձանագրենք, որ հայրենի իրավապահ համակարգը դարձել է «ազդեցիկ» հեռախոսազանգերի զոհը. հեռախոսազանգն է որոշում՝ ինչպես քննություն վարել, ում ինչպես պատժել կամ չպատժել: Իսկ ո՞վ կարող էր զանգ հնչեցնել:

Տեղեկացնենք, որ Էջմիածին-Երեւան երթուղային «գիծը» պատկանում է ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին (Ի դեպ, ՀՀ Սահմանադրությամբ պատգամավորին արգելվում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել), իսկ նույն երթուղով տաքսիները պատկանում են ԱԺ մեկ այլ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի որդուն՝ էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին: Հորեղբոր եւ եղբորորդու հարաբերությունները մոտ տարի է արդեն, անասելի լարված են:

Հիշեցնենք, որ 2014 թվականին Շանթ Հարությունյանի եւ ընկերների դատավարության մեկնարկին դատարանի բակում օդամղիչ ատրճանակից կրակելու համար Հայկ Կյուրեղյանին դատապարտեցին 9 տարվա ազատազրկման, իսկ, ահա, ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը, որը 2015 թվականին Նոր տարվա գիշերը վիճաբանել էր ոստիկանների հետ, արդեն 7 ամիս է, ինչ կալանքի տակ է: Բայց Հայաստանի սուրբ քաղաքում մարդկանց ուղղակի առեւանգելու, դանակով ահաբեկելու եւ միկրոավտոբուսի երթուղին շեղելու համար, պարզվում է, մեր երկրում պատիժ չի նախատեսվում:

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս