ԱՅԼԸՆՏՐԱՆՔԻ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին նվիրված գրեթե բոլոր միջոցառումներում, նկատելի էր ԲՀԿ-ականների բացակայությունը: Այս անգամ եւս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց պետական որեւէ միջոցառման: Ի տարբերություն ԲՀԿ-ականների՝ Անկախության տոնին նվիրված միջոցառմանը եւ հատկապես ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի կազմակերպած ընդունելությանը (Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում) մասնակցում էին ՀՅԴ-ականները: Այս առիթով “Ժողովուրդ”-ը զրուցեց ԲՀԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչների հետ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ
-Պարո՛ն Ուրիխանյան, ԲՀԿ-ականներն Անկախության տոնին գրեթե որեւէ մասնակցություն չունեցան, իսկ Սերժ Սարգսյանի կողմից ուղարկված հրավիրատոմսերը կարծես թե մնացել են անպատասխան: ԲՀԿ-ն ինչպե՞ս է նշել Անկախության տոնը:
-Համակուսակցական, այսպես ասած, չի նշել, բայց երիտասարդների միությունն առանձին էր միջոցառում կազմակերպել, տարածքային կառույցները, ,կուռացիաե անող պատգամավորներն ու քաղխորհրդի անդամներն առանձին էին կազմակերպել, ես առանձին էի կազմակերպել:
-Իսկ ինչո՞ւ է ԲՀԿ-ն բաժանվել առանձին “թեւերի”:
-Թեւերի չենք բաժանվել, բոլորս էլ միասին ենք: Այսինքն՝ դա՞ էլ է դարձել հարկադրաբար, որ, ասենք, ինչ-որ մեկի ցանկությամբ այս կամ այն կերպ պետք է վարվենք: Անկախության տոնը չե՞ք ուզում, որ մենք ազատ ու անկախ նշենք:
-Այդ դեպքում ինչո՞ւ ԲՀԿ-ն եւ մասնավորապես Գագիկ Ծառուկյանը որեւէ պետական միջոցառման չմասնակցեց: Գուցե սա կապված է այն բանի հետ, որ հրավերը եղել է ՀՀԿ առաջնորդի՞ կողմից:
-Հրավերը եղել է անհատական, ու բազմաթիվ ԲՀԿ-ական պատգամավորներ մասնակցել են, ֆրակցիայից ինչ-որ մարդիկ մասնակցել են, ինչ-որ մարդիկ չեն մասնակցել: Ես կոնկրետ որեւէ բան չեմ կարող ասել: Ես ֆիզիկապես անհնարինության պատճառով չեմ մասնակցել, ու այս դեպքում խոսել կուսակցության մասնակցել-չմասնակցելու մասին, կարծում եմ, տեղին չէ, հատկապես որ տվյալ հարցի շուրջ չէր կարող լինել որեւէ քննարկում:
-Իսկ ինչո՞վ էր պայմանավորված Գագիկ Ծառուկյանի` տոնին չմասնակցելու փաստը:
-Ես այդ առթիվ կարող եմ մի բան ասել, որ պարոն Ծառուկյանի զբաղվածությունը եւ նրանից ՀՀ քաղաքացիների ակնկալիքները` իրենց կյանքում որակ փոխելու առումով, այդ ակնկալիքները բավարարելուն ուղղված նրա գործողությունները խլում են այնքան ժամանակ, որ ամեն ինչ բացատրելի է դառնում:
-Բայց այդ օրը տոն էր ու ոչ աշխատանքային…
-Այո՛, տոն օր էր, ոչ աշխատանքային օրերին էլ է այնքան ժամանակ խլում, այնպես ծանրաբեռնված է լինում, որ դա բացատրելի է: Ես զարմանում եմ, որ անընդմեջ լինում են նման հարցեր: Ու այն հարցադրումները, թե ինչու պարոն Ծառուկյանը չի մասնակցում ինչ-որ միջոցառման, կարծում եմ՝ բոլորի համար էլ արդեն հասկանալի է, որ նա զբաղված է նպաստավոր գործունեությամբ, այն էլ բավական մեծ ծավալի աշխատանքներով: 
-Տպավորությունն այնպիսին է, որ Գ. Ծառուկյանը միայն սպորտային միջոցառումներին է մասնակցում, թեկուզ Ս. Սարգսյանի գլխավորությամբ: Բացի սպորտից, ԲՀԿ առաջնորդին այլ խնդիրներ չե՞ն հուզում:
-Ես՝ որպես քաղաքական գործիչ, պետական պաշտոնյա, Ձեզ արդեն պատասխանեցի, բայց ինչ վերաբերում է արարողակարգային բնույթի, էթիկայի դրսեւորումների հետ կապված հարցերին, ապա դրանք իմ իրավասության շրջանակներում չեն: Թեեւ հորդորում եմ` ցանկացած սպորտային միջոցառում չպետք է քաղաքականացնել:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
-Պարո՛ն Մինասյան, ՀՅԴ-ն միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է, որն իշխանությունների հետ մասնակցեց Անկախության տոնին նվիրված միջոցառմանը: Ինչո՞ւ որոշեցիք ,յուրահատուկե լինել այդ հարցում:
-Տեղյակ չեմ, քանի որ ես չեմ կարողացել մասնակցել, վատառողջ էի:
-Շատերի կարծիքով` ՀՅԴ-ն իր այս քայլով ապացուցեց, որ իշխանության ,թեւիե տակ է անցել, ի հավելումն՝ Վահան Հովհաննիսյանի` Գերմանիայում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակման փաստը:
-Չգիտեմ՝ ովքեր են ասում, բայց կարծում եմ՝ մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի: Ես անձամբ վատառողջ եմ եղել:
-Այդուամենայնիվ, ընդդիմության բոլոր ներկայացուցիչները բոյկոտել են իշխանությունների` Անկախության տոնը միասին նշելու հրավերքը: Դուք ինչո՞ւ չեք բոյկոտել: 
-Ո՞նց կարող եմ ես բոյկոտել պետականությունը, նման բան չի կարելի: Ի վերջո, անկախությունը ժողովրդի ձեռքբերումն է:
-Բայց ՀՅԴ-ն կարող էր եւ միայնակ կամ այլ ընդդիմադիր ուժերի հետ նշել տոնը եւ ոչ թե գնար իշխանության ներկայացուցիչների հետ խնջույքի:
-Չէ՛, իշխանություններն են կազմակերպում պետական միջոցառումները, բա ո՞վ պետք է կազմակերպեր, դա ինչ-որ ֆորմալացում չէ: Անկախության տոնն է նշվում, ինչպե՞ս կարելի է բոյկոտել: Տրամաբանությունը չեմ հասկանում: Իշխանությունների հետ հաց ուտելու չես գնում, չէ՞, գնում ես պետականությունը նշես:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 623 համար




Լրահոս