Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել է, որ Թուրքիան չի զղջում Սու-24 ռմբակոծիչի խոցման համար, միայն «վշտացած է», փոխանցում է Hürriyet Daily News-ը:
«Մենք չենք զղջում, մենք վշտացած ենք: Ռուսական կողմը նույնպես պետք է վշտացած լինի: Մենք ենթադրում ենք, որ նրանք ևս վշտացած են թուրքական օդային տարածքը միտումնավոր խախտելու կապակցությամբ»,- հայտարարել է թուրք նախարարը:
Զեյբեկչիի խոսքով՝ Ռուսաստանը տվյալ իրավիճակում սխալ է, քանի որ ինքնաթիռը մնացել է Թուրքիայի օդային տարածքում 13 կամ 14 րոպե՝ չնայած զգուշացումներին՞
Նա նաև նշել է, որ Մոսկվայի և Անկարայի միջև կոնֆլիկտը բացասական ազդեցություն է ունեցել երկու կողմերի համար, և անհրաժեշտ է շուտափույթ կարգավորել հարաբերությունները:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվեցին 2015թ. նոյեմբերի 24-ին սիրիական Լաթաքիայում թուրքական կործանիչի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: