Իշխող վարչախմբին սպասարկող թաղի խուժանը հարձակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իշխող վարչախմբին սպասարկող թաղի խուժանը, որը ընտրությունների ժամանակ իշխանության եւ ժողովրդի միջեւ հանցավոր միջնորդի դեր է կատարում եւ ընտրակաշառք բաժանում, այսօր արդեն իրեն հարիր մեթոդներով լծվել է Նախախորհրդարանի աջակիցների վրա հարձակում գործելու առաքելությանը, դրանով իսկ ծառայություն մատուցելով իր տերերին: Այդ մասին ասվում է Նախախորհրդարանի տարածած հայտարարության մեջ:
Նախախորհրդարանի աջակիցներ Սուրեն Գեւորգյանը եւ Սահակ Պողոսյանը երեկ երեկոյան՝ Սեպտեմբերի 26-ին իրենց իսկ բակում, հարեւանների ներկայությամբ հարձակման են ենթարկվել Հրաչ անունով քաղաքացու կողմից, իրենց գաղափարական ընդդիմադիր կեցվածքի եւ հատկապես, Նախախորհրդարանի աջակիցներ լինելու պատճառով, որի հետեւանքով Սուրեն Գեւորգյանը ստացել է լուրջ մարմնական վնասվածքներ:
Արաբկիրի վարչական շրջանի ոստիկանություն բերման ենթարկվելուց եւ արդեն տուն վերադառնալուց հետո, Սուրեն Գեւորգյանի զգացողությունը կտրուկ վատացել է, եւ նա հոսպիտալացվել է անցնելով մի շարք բժշկական ստուգումներ: Նրա մոտ հայտնաբերվել է հարվածների արդյունքում ստացած ուղեղի հեմատոմա, բժիշկների ախտորոշմամբ՝ արյան զեղում: Սուրեն Գեւորգյանը այժմ գտնվում է վերակենդանացման բաժնում, բժիշկների խիստ հսկողության տակ, եւ ըստ բուժող բժշկի, եթե մոտակա 72 ժամում վիճակի բարելավում տեղի չունենա, ապա վիրահատական միջամտության անհրաժեշտություն կզգացվի:
Նախախորհրդարանը հայտարարում է եւ զգուշացնում, որ նման մեթոդներով ոչ վարչախումբը եւ ոչ էլ նրա սպասարկուները չեն կարող կասեցնել ազգային ազատագրական անկասելի պայքարը:
Նախախորհրդարանը եւ նրա աջակիցները երբեք չեն ընկրկելու եւ հասնելու են իրենց նպատակին, մեր ժողովրդի մասնակցությամբ ձերբազատվելով հանցավոր համակարգից եւ նրանում գործող հանցագործ դերակատարներից, ստեղծելով մեր ժողովրդին հարիր պետություն:




Լրահոս