Ինչպես հայտնի է, նախորդ տարվա հունիսի 19-ին ապօրինի հրազեն պահելու կասկածանքով ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանը (Կայարանցի Թևոսիկ) «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով, նույն ավտոմեքենայում նրան ուղեկցող Կարեն Բագրատունյանը, որն առավել հայտնի է «Սամբիստ Կարեն» մականվամբ, Հարություն Ալեքսանյանը, որն առավել հայտնի է «Քանաքեռցի Հարութ» մականվամբ, ինչպես նաև Սաֆարյանին երեք այլ ավտոմեքենաներով ուղեկցող ևս յոթ անձ:
Բերման ենթարկվածների անձնական խուզարկության արդյունքում՝ «Բենթլի» ավտոմեքենայի մեջ գտնվող Կարեն Բագրատունյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով:
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի մտերիմ Կարեն Բագրատունյանցը՝ Սամբիստ Կարենը, որ զենք պահելու մեղադրանքով ընդամենը 1 տարվա ազատազրկման էր դատապարտվել, փորձում է հնարավորինս շուտ ազատության մեջ հայտնվել:
Կարեն Բագրատունյանցը դիմել էր վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողով՝ վաղաժամկետ ազատվելու համար, սակայն մերժում էր ստացել:
Եվ այսպես, Թևոս Սաֆարյանի մտերիմն այլևս ազատ է: Քիչ առաջ ArmLur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ այսօր Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից Կարեն Բագրատունյանցն ազատ է արձակվել:
Նշենք, որ նախորդ տարվա «զախվատից» հետո համառ լուրեր էին շրջանառվում, թե շոուն պետք է Սամբիստ Կարենի գլխին կոտրվեր: Ապա խոսվում էր այն մասին, որ թեև Կարեն Բագրատունյանցն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և խնդրել դատաքննությունն արագացված կարգով անցկացնել, այդուհանդերձ նա չէր համակերպվում իր ազատազրկման հետ:
Ի դեպ, նա առաջին անգամ չէ` «ճաշակել է» անազատությունը: Ավելին, նա պատահական չէր հայտնվել քրեական հեղինակություն Թևոսիկի հետ նույն մեքենայի մեջ: Վերջիններս վաղուցվա ծանոթներ են և տարիներ առաջ իրար հետ հանցավոր գործարքի են գնացել: